Չախալյանի գործը ՄԻԵԴ-ում շահելու մեծ հնարավորություններ կան. միջազգային փորձագետ
Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ դոկտոր Ֆերնան դը Վարենը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար ջավախքահայերի խնդիրների և ջավախքահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի մասին զեկույց է պատրաստել: Ֆերնան դը Վարենը, ով մասնագիտացել է միջազգային իրավունքի, մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերում, իր զեկույցում անդրադարձել է Վահագն Չախալյանի գործի իրավական կողմին:
Վահագն Չախալյանի դեպքը փորձագետը դիտարկել է Վրաստանի իրադարձությունների համատեքստում: Վերջին տարիներին' 2006-2008թթ., որոշ անհատներ անհանգստություններ են պատճառել վրացական իշխանություններին: Այդ անձինք ակտիվիստներ են, ազգային փոքրամասնությունների առաջնորդներ, լուսանկարիչներ, լրագրողներ, ովքեր տարբեր ծանր հանցագործությունների մեջ են մեղադրվել: Նման իրավիճակը փորձագետին զարմանալի է թվում, հատկապես այն, որ որոշ անձանց հարցաթերթիկ լրացնելու կամ Եվրախորհրդի փորձագետների հետ հանդիպումների համար Վրաստանի համապատասխան մարմինները լրտեսության մեջ են մեղադրել:
Մի կողմից Ֆերնան դը Վարենը նշում է, որ Վահագն Չախալյանի գործի մասին իր պատրաստած զեկույցը եզակի չէ, քանի որ տարբեր միջազգային կառույցներ իրենց զեկույցներում արդեն իսկ անդրադարձել են Վ. Չախալյանի գործին: Սակայն այն հետաքրքիր է, քանի որ առնչվում է մարդու իրավունքների խախտմանը: Եվ քանի որ Վրաստանը Եվրոպայի մաս է կազմում, կան որոշ քաղաքակիրթ կանոններ, որոնց նա պետք է հետևի' հատկապես մարդու իրավունքների հարցում ապահովել արդար դատաքննություն: Մյուս կողմից, Չախալյանի գործը բացառիկ է նրանով, որ ՄԻԵԴ-ը պետք է քննի մի մարդու գործ, ով դատապարտվել է իր «ով լինելու համար». «Վ. Չախալյանը թիրախ է եղել այն պատճառով, որ հայ փոքրամասնության ակտիվիստ է»,- ասում է Ֆերնան դը Վարենը:
Փորձագետը Չախալյանի գործը դիտարկում է նաև 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում' ռուս-վրացական պատերզմի նախօրեին: Սակայն միևնույն ժամանակ շեշտում է, որ կարևորը մարդու իրավունքների խախտումներն են, և այն հանգամանքը, թե արդյոք Վրաստանը պահպանել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները:
Չախալյանի գործը, ըստ Ֆերնան դը Վարենի, յուրահատուկ է նրանով, որ արդար դատաքննության իրավունքի ավելի շատ նորմեր են խախտվել, քան լինում է դա սովորաբար: «Չախալյանի դեպքը բացառիկ է նրանով, որ այստեղ ոչ թե մեկ կամ երկու իրավունքի խախտում է եղել, այլ մի շարք իրավունքների խախտում: Արդար դատաքննության մասին խոսելիս մենք նկատի ունենք 7 տարբեր տեսակի խախտումներ: Օրինակ' վկայի ներկայությունը, նրա հարցաքննությունը և այլն»,- ասում է փորձագետը:
Նա արդար դատաքննության 4 հիմնական իրավունքի խախտում է առանձնացնում. ինքն իրեն պաշտպանելու ամբաստանյալի իրավունքը, վկաներին հարցաքննելու, իր ընտրությամբ իրավաբան ունենալու և պատշաճ թարգմանության իրավունքները: Ըստ Ֆերնան դը Վարենի' Եվրադատարանում քննվող գործերում նման թվով խախտումներ հազվադեպ են հանդիպում: Սրանք հիմնավոր խախտումներ են, որպեսզի Եվրադատարանը այնպիսի որոշում կայացնի, համաձայն որի' Վրաստանի կառավարությունը խախտել է մարդու միջազգայնորեն ընդունված իրավունքները: «Եվրադատարանը խորապես կուսումնասիրի և կըմբռնի ազգային փոքրամասնությունների վիճակը, հատկապես հայերի իրավունքների խախտումները և Վրաստանի կառավարության կողմից նրանց նկատմամբ վերաբերմունքը»,- ասում է Ֆերնան դը Վարենը:
Նա նշում է, որ նույնիսկ Վրաստանի ներսում են բարձրացվել այս հարցերը: Ֆերնան դը Վարենը օրինակ է բերում Վրաստանի օմբուդսմենին, այդ թվում մարդու իրավունքներով զբաղվող Վրաստանի տարբեր հասարակական կազմակերպություններին:
Ըստ Ֆերնան դը Վարենի' Եվրոպական դատարանը միայն մի կողմն է, սակայն այն չի կարող հրաման տալ ազատել Չախալյանին կամ նոր վարույթ սկսել, բայց շատ հաճախ տարբեր կառավարություններ փորձում են խուսափել դատավարության մասնակցությունից: Ինչքան շատ լինեն տարբեր կողմերից ճնշումները, այնքան Վրաստանի կառավարությունը կխուսափի հայտնվել այդ իրավիճակում: Ֆերնան դը Վարենը հնարավոր է համարում, որ Վրաստանի կառավարությունը փորձի բանակցությունների միջոցով հարթել իրավիճակը, որոշակի գումար փոխահատուցի, քանի որ ակնհայտ է, որ Չախալյանի գործում բազմաթիվ սխալներ կան, և Չախալյանի արդար դատաքննության իրավունքը խախտվել է: «Ինչքան շատ լինեն այդ ճնշումները և ներսից, և դրսից, ինչքան շատ ԶԼՄ-ներն այդ մասին խոսեն, կառավարությունն այդքան լուրջ կմոտենա այդ հարցին և կփորձի արդար դատաքննության իրավունքն ապահովել»,- ասում է Ֆերնան դը Վարենը:
Նա Վրաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվածը բացասական է գնահատում, բայց ոչ թե բացասական չարիքի իմաստով, այլ վախի: «Ինձ թվում է լուրջ խնդիր կա Վրաստանում' Ջավախում հայերի նկատմամբ խտրականության հարցում»:
«Հետքի» հարցին, թե արդյոք փորձագետը ուսումնասիրել է նաև Գուրգեն Շիրինյանի գործը, քանի որ ամեն ինչ սկսվեց հենց Գուրգեն Շիրինյանի նկատմամբ հետապնդումից, Ֆերնան դը Վարենը պատասխանեց, որ չի ուսումնասիրել Շիրինյանի գործը: Չախալյանի գործը վերցրել է հիմնականում այն պատճառով, որ այն մտել է Եվրադատարան, և Վահագն Չախալյանը բազմիցս հայտարարել է, որ իր միջազգային իրավունքները չեն պաշտպանվել Վրաստանի կառավարության կողմից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել