HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանի դեռ նախարարությունը սպասում է արտաքին մասնագիտական կարծիքին, գիտական կենտրոնի տարածքում շինաշխատանքներն ավարտվում են

Օրերս հրավիրած մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաեւ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում կառուցվելիք շենքի թեմային:

«Հետքը» հարցրել է, թե նախարարությունն ինչ դիրքորոշում ունի գիտական կենտրոնի հարեւանությամբ մասնավոր ընկերության կողմից շենք կառուցելու վերաբերյալ, հատկապես, երբ գիտնականներն անհամատեղելի են համարում քիմիական ուղղվածության կենտրոնի կենսագործունեությունն ու բարձրահարկ շենքի գտնվելն այդ տարածքում:

Նախարար Անդրեասյանը պատասխանել է. «Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ գործունեությունը պետք է այնպես կազմակերպել, որ դա որեւէ կերպ չվնասի ինստիտուտի գործունեությանը: Եվ հիմա մենք նաեւ դիմել ենք այդ սարքերն արտադրողներին, քանի որ հենց այդ ինստիտուտն էր հարց բարձրացնում, որ կան բավականին նուրբ եւ զգայուն, թանկարժեք սարքեր, եւ դրանց գործունեության համար պայմաններն անհամադրելի են: Դիմել ենք արտաքին մասնագիտական կարծիքի, որպեսզի հստակ իմանանք, թե ինչպիսի խնդիրներ կարող են լինել, ու այս իրավիճակում կան արդյոք լուծումներ: Հիմա սպասում ենք սարքերի արտադրողի կարծիքին, որից հետո փաստարկված եւ հիմնավոր կկարողանանք իրավիճակը կարգավորելու առաջարկներ անել»:

Սակայն նախատեսվող բարձրահարկ շենքի շինարարությունը միակը չէ, որի վերաբերյալ քիմիկոսներն անհանգստություն ունեն: Շենքի կառուցապատողը դրա հարեւանությամբ անցնող պատմական ջրանցքի մի մասը, որը Կառավարության որոշմամբ կորցրել է պատմական արժեքը, Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ տեղափոխում է գիտական կենտրոնի մասնաշենքերի մոտ: Եթե ջրանցքը մնար իր նախկինում տեղում, ապա շենքի կառուցումը, գործող կարգավորումների համաձայն, չպետք է թույլատրվեր: Ու հիմա «ջրամատակարարման համակարգի արդիականացում» անվան տակ ջրանցքը տեղափոխվում է քիմիական գործունեություն ծավալող մասնաշենքերի մոտ, դրանց «քթի տակ»:

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Սահակ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում, անդրադառնալով Ժաննա Անդրեասյանի պատասխանին, նշում է, որ իրենք էլ են սպասում գիտական սարքերն արտադրողների կարծիքին, քանի որ ջրանցքի «արդիականացման» աշխատանքները, դրանցից առաջացած ցնցումներն ու փոշին ներկայում ազդում են թե՛ կենտրոնում աշխատող մարդկանց վրա, թե՛ սարքերի:

«Հարց է առաջանում, եթե վաղը, մյուս օրը շենքը սկսեն սարքել, ստորգետնյա կայանատեղիով, պատկերացրեք, թե ինչ խորությամբ պետք է հորատեն,- ասում է դոկտոր Գասպարյանը,- ջրանցքի շինաշխատանքները կատարելիս հասել են բազալտի շերտին, դա քանդելու համար շատ բարդություններ կան, հզոր մուրճ են օգտագործում, հորատման համար հարվածների ձայնն ու ցնցումները բավական բարձր են»:

Տնօրենի խոսքով՝ բազմահարկ շենքի շինարարությունն անհամատեղի է քիմիական գիտական կենտրոնի գործունեության հետ: Ըստ այդմ՝ Ս. Գասպարյանն առաջարկում է տեղափոխել կենտրոնը, մինչեւ կսկսվի շենքի շինարարությունը:

Նա նշում է, որ իրենց կենտրոնը, ըստ Գիտությունների ազգային ակադեմիայում շրջանառվող լուրերի, առաջիններից մեկն է լինելու, որ տեղափոխվելու է Աշտարակում կառուցվող ակադեմիական քաղաք, որտեղ, սակայն, ոչ մի աշխատանք, անգամ նախագծման, չի իրականացվել: «Մենք ասում ենք՝ հարգելի Կառավարություն, հստակ ինստիտուցիոնալ լուծում տվեք այս հարցին՝ կա՛մ որոշեք, որ շինարարությունը կանգնեցվում է մինչեւ մեր տեղափոխումը, կա՛մ իրենք են աշխատում, մենք չենք աշխատում: Մենք ուզում ենք հստակեցում»,- ասում է տնօրենը:

Վերջերս Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը երկու թանկ սարքավորում է ձեռք բերել: Գումարի մի մասն արդեն փոխանցել են, բայց մտավախություն ունեն, որ սարքերն ինստիտուտում տեղավորելուց հետո շինաշխատանքների պատճառով առաջացող ցնցումներն ու փոշին շարքից հանելու են դրանք:

Սահակ Գասպարյանի տեղեկացմամբ՝ իրենց կենտրոնում տեղադրված սարքերի արտադրողները պետք է հայտնեն, թե դրանք ինչ ազդեցություն կարող են կրել ցնցումներից, եւ արդյոք հնարավոր է դրանց տեղափոխումը: Սարքերն անջատելն ու տեղափոխելը, ըստ մեր զրուցակցի, բավական թանկ եւ ժամանակատար գործընթաց է:

«Շուտով կավարտեն ջրանցքի «արդիականացման» աշխատանքները: Մոտ 20 օրվա աշխատանք կա: Ամեն ինչին դիմանում ենք, բայց, կոպիտ ասած, անտերության ենք մատնված, պետությունից ոչ ոք չի գալիս, ասի՝ էսպես շարժվեք, ոչ մի նախարար չի գալիս, որ տեսնի իրավիճակը»,- «Հետքի» հետ զրույցում ասում է գիտական կենտրոնի տնօրենը:

Վերջինս նախորդ ամիս նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արձագանք չի եղել, միայն դրան զուգահեռ ոստիկանությունում ցուցմունք է տվել՝ իր գրածի վերաբերյալ որոշակի տեղեկություն տալով: «Բայց արդեն հոգնել եմ այդ պատասխաններից, փոխանակ՝ պատկան մարմինները լուծում տան, հակառակը՝ կանչում են այդ հարցերի վերաբերյալ պարզաբանման»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

Լուսանկարում՝ ջրանցքի տեղափոխման աշխատանքները (2022 թ. նոյեմբեր)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter