HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են անձնական օգնականի ծառայության պիլոտային ծրագրի մանրամասները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հյուրընկալմամբ՝ տեղի է ունեցել հանդիպում, որի շրջանակում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության պիլոտային ծրագրի մանրամասները։

Միջոցառմանը մասնակցել են գործադիր և օրենսդիր մարմինների, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները։

Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է անձնական օգնականի ծառայության ծրագրի իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է նմանօրինակ հանդիպումների անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն մանրամասն քննարկել նախատեսվող փոփոխությունները, այլև բարձրաձայնել առկա խնդիրներն ու հընթացս անհրաժեշտ լուծումներ տալ։

«Անձնական օգնականի ծառայությունն ուղղված է հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց միջավայրային արգելքների հաղթահարմանը։ Պիլոտային ծրագիրը ևս հնարավորություն  կտա գույքագրել խնդիրները և 2024 թվականին ծրագրի ամբողջական մեկնարկն իրականացնել արդյունավետորեն»,- նշել է նախարարի տեղակալը։

ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է անձնական օգնականի ծառայության ներդրման իրավական հիմքերը, շահառուների և տրամադրվող ծառայությունների շրջանակը, ծրագրի առավելությունները և այլն։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերն ու հանդես եկել առաջարկներով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter