«Հայացք». ռուս-թուրքական չկայացած «բարեկամության» նախերգանքը
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները հունիսի 8-9 եռակողմ հանդիպում անցկացրին Տրապիզոնում և արդյունքում ստորագրեցին համատեղ հռչակագիր: Այդ փաստաթղթի ձևավորումը կողմերը բնորոշեցին իբրև համագործակցության նոր ձևաչափ, որն «ուղղված է մասնակից երկրների շահերի պաշտպանությանը»: Ադրբեջանի արտգործնախարարը առիթն օգտագործեց հերթական հակահայկական հայտարարություններն անելու համար, Ա. Դավութօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ արեց «արագացնել սառեցված հակամարտությունների կարգավորումը»:
Հակահայկական հիստերիայի հերթական դրսևորման ֆոնի վրա բավական անհարմար դրության մեջ հայտնված Վրաստանի արտգործնախարար Գ. Վաշաձեն հարկադրված էր մի փոքր «սրբագրել» ընդհանուր տպավորությունը և հայտարարեց, թե եռակողմ համագործակցության նոր ձևաչափն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ:
Մինչդեռ ակնհայտ է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան «ռազմավարական» համագործակցությունը հատուկ ընդգծելու անհրաժեշտություն չկար: Այդ հարաբերությունների բովանդակությունը վաղուց հայտնի է, և դրանք «ռազմավարական» են այնքանով, որքանով կողմերն ունեն կոնկրետ տնտեսական շահեր և համատեղ տնտեսական նախագծեր:
Հետևապես հռչակագրի ստորագրումը, թերևս, Անկարայի նախաձեռնությունն է՝ տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունները հերթական անգամ ընդգծելու համար, ինչը միանգամայն ձեռնտու է Բաքվին, բայց ոչ ամենևին Թբիլիսիին: Վրաստանը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի «ֆորպոստն» է, իսկ Վաշինգտոնը առանձնապես չի ողջունում Թուրքիայի ազդեցության ընդլայնումը և նույնիսկ փորձում է այն սահմանափակել: Ըստ այդմ Վաշաձեի «ինքնարդարացումը» առաջին հերթին ուղղված է Վաշինգտոնին, մասամբ նաև Երևանին ու Թեհրանին: Որովհետև նախաձեռնության հակահայկական և հակաիրանական բովանդակությունը սկզբունքորեն կասկածի տեղ չի թողնում:
Ուշագրավ է նաև, որ Տրապիզոնի հռչակագիրն ընդունվեց Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հերթական գագաթաժողովի օրերին, ու Ռուսաստանը և Չինաստանը մեկ անգամ ևս ի ցույց դրեցին Իրանին աջակցելու և միջազգային մեկուսացումից դուրս բերելու իրենց մտադրությունը: Իրանի նախագահի հանդիպումը Չինաստանի իր գործընկերոջ հետ շատ բովանդակային էր: Հու Ձինթաոն, ըստ չինական աղբյուրների, հատուկ ընդգծել էր իրանա-չինական հարաբերությունների դրական բովանդակությունը՝ դրանց ձևավորման համատեքստում շեշտադրելով Մահմուդ Ահմադինեժադի անձնական ներդրումը:
Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև հանդիպումը ևս նոր ու դրական նրբերանգներ է մտցնում երկկողմ հարաբերություններում, որոնք Դ. Մեդվեդևի կառավարման շրջանում բավականաչափ սառն էին, հատկապես երբ նախկին նախագահը կասեցրեց C-300 հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը Իրանին: Ինչպես հանդիպման ավարտից հետո նշել է ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը, Մոսկվան «բավարարված է միջուկային հիմնախնդրի հետ կապված Թեհրանի կառուցողական դիրքորոշմամբ, և դա հնարավորություն կտա փոխադարձ ընդունելի լուծումների հանգել՝ փուլ առ փուլ և փոխադարձ քայլելով»:
Հիշեցնենք, որ հունիսի 18-19 Մոսկվայում տեղի կունենա Իրանի և «վեցյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական ռաունդը, և, ըստ ռուսական փորձագետների, Կրեմլում հուսով են «ճեղքում» արձանագրել և հասնել Իրանի ու «վեցյակի» միջև կոնկրետ համաձայնությունների: Դրանց արդյունքում ակնկալվում է, որ Իրանը ամբողջովին թափանցիկ կդարձնի միջուկային ծրագիրը, որպեսզի «վեցյակը» համոզվի դրա խաղաղ բնույթի մեջ, իսկ Արևմուտքը աստիճանաբար կսկսի վերացնել Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:
Մոսկվան և Թեհրանը ինտենսիվ նախապատրաստության մեջ են. ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Ն. Պատրուշևի հրավերով բանակցությունների հերթական ռաունդից առաջ Ռուսաստան կայցելի Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալալին, որն էլ հենց միջուկային հիմնախնդրի շուրջ իրանական կողմից գլխավոր բանակցողն է:
Սակայն ռուս-իրանական հարաբերություններում վերջին մեկ տարում արձանագրվող դրական տեղաշարժերը առաջին հերթին առնչվում են տարածաշրջանային հարցերում համագործակցության վերականգնմանը, ինչը չի կարող չմտահոգել Անկարային և Բաքվին, մասամբ նաև՝ Թբիլիսիին: Անկարան վերջին տարիներին փորձում էր Մոսկվայի հետ դրական հարաբերություններ ձևավորելու ճանապարհով առաջ մղել իր էքսպանսիան հետխորհրդային տարածքում և հատկապես Հարավային Կովկասում: Դրան նպաստում էր ռուս-իրանական հարաբերություններում առաջացած «սառույցը»:
Սակայն սիրիական ճգնաժամը ի ցույց դրեց Մոսկվային, թե որքան անհուսալի գործընկեր է Թուրքիան, որն այդ դաշտում բացահայտորեն գործում է ռուսական շահերի դեմ, մինչդեռ Իրանը վերածվել է բնական դաշնակցի առնվազն Սիրիայի հարցում: Տրապիզոնի հռչակագիրը նախաձեռնելով՝ Անկարան փորձում է ի ցույց դնել Կրեմլին, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում իր կշիռը անհամեմատելի է Թեհրանի հետ՝ ռուս-իրանական մերձեցումը կանխելու համար: Որովհետև այդ մերձեցումը Ռուսաստանին կրկին կվերածի Թուրքիայի հակառակորդի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Վահան Վարդանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել