HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Իրանի արտգործերնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են եղել

Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, տարածաշրջանային անվտանգության, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Վահան Կոստանյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև հոգևոր-մշակութային կապերի խորացումը և ամրապնդումը: Այս առնչությամբ նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու անհիմն փորձերը:

Խորհրդակցությունների ավարտին Ալի Բաղերի Քանիին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր  մակարդակի առնչությամբ՝ այս համատեքստում կարևորելով քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը: Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, արծարծվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter