HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բավականին տարածված «ինտեգրում» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա»․ Մայիս Մայիլյան

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվա վերաբերյալ։

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը մասնավորապես գրել է․

«Միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակմանը զուգընթաց Ադրբեջանը ցեղասպանություն ու էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքով Արցախի Հանրապետության քաղաքացիներին առաջարկում է ինտեգրվել իր կազմում։

Արցախի կողմից ինտեգրման օրակարգի ընդունումն ի սկզբանե կնշանակեր ոչ միայն օտարում իր իսկ ինքնիշխանությունից ու օրինական իրավունքներից, այլև հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից։

Միջազգային հարաբերություններում ներկայում բավականին տարածված «ինտեգրում» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա։

Պաշտոնական Բաքուն նույնիսկ փորձում է շրջանառության մեջ դնել «ինտեգրում» եզրույթի մեկ այլ տարբերակ՝ «վերաինտեգրում», ինչը նշանակում է Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ։

Սակայն քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այլ Խորհրդային Ադրբեջանին ենթարկեցվել է երրորդ կողմի կուսակցական մարմնի՝ Ռուսաստանի բոլշևիկների կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ։

Ադրբեջանի հետ Արցախի հարաբերությունների մասին ցանկացած դատողություն իմաստ ունի միայն բոլշևիկների որոշման ու հետագայում ընդունված ԽՍՀՄ սահմանադրության համատեքստում։

1991 թվականին խորհրդային սահմանադրության գործողության դադարեցումը փակել է այս թեման։ Ի հայտ է եկել ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ինքնահռչակ Ադրբեջանական Հանրապետության ապօրինի հավակնությունների խնդիրը։

Վերաինտեգրման մասին խոսելուց առաջ ժանգոտվող «երկաթե թաթերով» հայտնի «թղթե վագրը» նախևառաջ պետք է կարողանա վերականգնել Խորհրդային Միությունը։ Եթե ի զորու չէ դա անել, ապա մնացյալը բլեֆ է ու խեղաթյուրանք։

Այսօր միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրն է։ Վստահ եմ, որ հարկ եղած դեպքում Արցախի ժողովուրդը կդիմանա անգամ 1000 և ավելի օր, բայց չի հրաժարվի իր օրինական կոլեկտիվ իրավունքներից ու իր ինքնիշխանությունից։

Ճիշտ որոշումների կայացման և առկա ներուժի խելամիտ օգտագործման միջոցով մենք դուրս կգանք մեզ պարտադրված ճգնաժամից ավելի ամրակուռ ու ավելի ուժեղ։ Լավատեսության համար հիմքերն ավելի քան բավարար են»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter