
Ապօրինի շինարարության համար նախատեսված տուգանքի չափը կավելացվի
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ավելացնել ապօրինի շինարարության համար նախատեսված տուգանքի չափը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Մասնավորապես, գործող օրեսնդրությամբ՝ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք կառուցելու համար սահմանված տուգանքը կազմում է 500 հազարից 1 միլիոն դրամ, սակայն այժմ արդարադատության նախարարությունն առաջարկում է տուգանքի չափը դարձնել 750 հազարից 1,5 միլիոն դրամ։
Նույն արարքը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից պատժվում է 1,5 միլիոնից 2 միլիոն դրամի չափով։ Ներկայացված առաջարկով՝ տուգանքը կդառնա 2 միլիոնից 2,5 միլիոն դրամ։
Ապօրինի շինարարությունը վարչական տույժի նշանակումից հետո շարունակելու դեպքում տուգանքը գործող օրենսդրությամբ 2 միլիոնից 2,5 միլիոն դրամ է։ Այժմ արդարադատության նախարարությունն առաջարկում է տուգանքի չափը դարձնել 2,5 միլիոնից 3 միլիոն դրամ։
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է բարելավել և խթանել Հայաստանում քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, էականորեն նվազեցնել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքերը։
Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։
Մեկնաբանել