
«Ռոստելեկոմը» մտափոխվել է. չի վաճառում հայաստանյան դուստր ընկերությունը
«Ռոստելեկոմը» որոշել է չվաճառել իր հայաստանյան դուստր ընկերությունը՝ հեռահաղորդակցության ոլորտում գործող «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն։ Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է «Ռոստելեկոմ»-ի նախագահ Միխայիլ Օսեևսկին։
«Հիմա վաճառքի խնդիրն անցել է, մենք ակտիվ զարգացման որոշում ենք կայացրել»,- ասել է Օսեևսկին։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) ևս «Հետք»-ին տեղեկացրին, որ այս պահին «ՋիԷնՍի-Ալֆա»-ն վաճառելու վերաբերյալ դիմում չկա։ Ըստ կարգի, որպես հանրային ծառայություն մատուցող ընկերություն, վաճառքի մտադրության դեպքում ընկերությունը դիմում է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերը օտարելու համաձայնություն ստանալու համար։
«ՋիԷնՍի-Ալֆա»-ն դեռևս 2021 թվականի հոկտեմբերին դիմել էր Հանձնաժողով բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու համար։ Ըստ Հանձնաժողովից ստացված փաստաթղթի՝ 2022 թվականի հունվարի 19-ին որոշվել էր համաձայնություն տալ։
Ընկերության 100% բաժնետոմսերը մտադիր էին գնել ռուսաստանցի հայ գործարար Արման Ունանյանը և «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ)։ ՀԷՑ-ը և Ունանյանը հայտնել էին, որ նախատեսում են Կիպրոսում գրանցել նոր ընկերություն, որի միջոցով էլ պետք է ձեռք բերեին հայաստանյան «ՋիԷնՍի-Ալֆա»-ն։
Այդ ժամանակ, սակայն, սահմանվել էր, որ առուվաճառքի գործարքը կարող էր տեղի ունենալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6-ամսյա ժամկետում։
Որոշումից հետո, ինչպես տեղեկացնում են ՀԾԿՀ-ից, որևէ գործարք տեղի չի ունեցել։
«Վեց ամիս հետո արդեն իրավունք չունեն որևէ գործարք իրականացնելու։ Գործարքի համար ընկերությունը պետք է կրկին դիմեր հանձնաժողով, սակայն այս պահին նման դիմում չկա»,- տեղեկացրեց Հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Ընկերությունը դեռևս չի հրապարակել 2022 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները, սակայն, ինչպես լրագրողներին երեկ՝ մարտի 16-ին, հավաստիացրել է Միխայիլ Օսեևսկին, ընկերությունը 2022 թվականը գոհացուցիչ արդյունքներով է փակել։
Ռուսական «Ռոստելեկոմը» հեռահաղորդակցության խոշոր օպերատորներից մեկն է։ Ըստ ընկերության պաշտոնական կայքի՝ «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Գլխավոր լուսանկարը՝ «Ռոստելեկոմ»-ի
Մեկնաբանել