
Նոր «Հայկական ավիաուղիներն» սկսում է դեպի Ռուսաստան թռիչքները
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը վաղը կատարելու է իր առաջին չվերթը դեպի Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք օպերատորի հաղորդագրությունից:
«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ Երեւան-Մոսկվա («Շերեմետեւո») թռիչքի (չվերթի կոդը՝ JI 100) մեկնարկը նախատեսվում է 12:00-ին:
2021-ի փետրվարին հիմնադրված եւ 2022-ի դեկտեմբերին ՀՀ քաղավիացիայի կոմիտեից օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացած այս նոր փոխադրողը, ինչպես նախկինում գրել ենք, մինչ այս ուներ միջազգային թռիչքների համար անհրաժեշտ ICAO-ի կոդ (AAG), ինչը նրան հնարավորություն էր տալիս կատարել առնվազն ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքներ: Սակայն ինչպես տեղեկանում ենք IATA-ի (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա) կայքից, «ՀԱՈւ»-ն ստացել է նաեւ IATA-ի կոդ (JI), ինչի շնորհիվ կարող է կատարել նաեւ կանոնավոր փոխադրումներ:
Ավիաընկերությունը, որը որեւէ կապ չունի 1990-ականների հայկական ավիացիայի առաջատար, ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» հետ, մեկնարկի համար նախատեսում է Երեւանի «Զվարթնոցից» չվերթեր կատարել 4 ուղղություններով՝ Մոսկվա, Սամարա, Սոչի, Վլադիկավկազ:
Անցյալ տարվա դեկտեմբերին՝ ՕՇՎ ստանալուն զուգահեռ, «ՀԱՈւ»-ն Հայաստանում գրանցել է իր առաջին օդանավը՝ EK-AAD համարով «Airbus A321-200»-ը, որն արտադրվել է 2012-ին, նախկինում էլ շահագործվել է միայն Հարավային Կորեայում: Հենց այս օդանավով էլ հայկական նոր օպերատորը կկատարի իր առաջին չվերթը դեպի Մոսկվա:
Ավիաընկերության գույներով է ներկված նույն տեսակի եւս մի ինքնաթիռ, որն արտադրվել է 2007 թ., բայց դեռ գտնվում է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում եւ առայժմ կրում է բերմուդյան գրանցում՝ VP-BHN:
Լուսանկարում՝ EK-AAD-ն (մինչեւ ՀՀ-ում գրանցվելը ժամանակավոր կրում էր ավստրիական OE-ISO գրանցում) Լյուբլյանայից մեկնում է Երեւան, 07.12.2022, հեղ.՝ Միլան Կորբար, jetphotos.com
Մեկնաբանել