
Այսուհետ Սոցապ նախարարությունը կորոշի՝ հիվանդության դեպքում կենսաթոշակն ամբողջությամբ տրամադրել, թե ոչ
Առողջապահության նախարարությունն առաջարկում է կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրումը վերապահել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) միասնական սոցիալական ծառայությանը։ Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Գործող օրենսդրության՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ ամեն դեպքի համար Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որտեղ ներգրավվում են տարբեր բժշկական կազմակերպությունների բժիշկ-մասնագետներ՝ որոշում կայացնելու համար։
Սակայն նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բժիշկների զբաղվածությունից ելնելով՝ միշտ չէ, որ հաջողվում է արագ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները, հետևաբար, արագ արձագանքել քաղաքացու դիմումին:
Բացի այդ, ԱՆ հայտնում է, որ այդ մասնագիտական հանձնաժողովներն իրականացնում են ցանկով ներառված հիվանդությունների և քաղաքացու ախտորոշման համապատասխանության կամ անհամապատասխանության որոշման գործառույթը, ինչն էլ իր հերթին առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառություն։
Քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում (ինչպես նաև՝ անձի ֆունկցիոնալության գնահատման իրականացում, հաշմանդամության պատճառական կապի որոշում, աշխատանքային պարտականությունների կատարման կամ մասնագիտական հիվանդության հետ կապված անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի որոշում, աջակցող միջոցների տրամադրում և այլն), ԱՆ առաջարկում է, որ ԱՍՀՆ Միասնական ծառայությունը տա եզրակացություն կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ տրամադրելու մասով։
2015թ.ից՝ կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման («Մասնակցին` իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին») ուժի մեջ մտնելուց, ինչպես նաև՝ հիվանդությունների ցանկն ընդլայնելուց հետո տարեցտարի աճում է նաև կենսաթոշակներն ամբողջությամբ տրամադրելու դիմումների թիվը։
Մասնավորապես, 2015-2023թթ. մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ ստացել է 119 դիմում, որից օրենքի պահանջներին համապատասխանել է 40-ը կամ 34%-ը. 2023թ. մարտի 6-ի դրությամբ ստացված 10 դիմումներից 2-ն է ուսումնասիրության մեջ։
Օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, կսահմանվի նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից եզրակացության տրամադրման կարգը, իսկ գործող ԱՆ 2022թ. մայիսի 4-ի թիվ 1917-Լ հրամանն ուժը կորցրած կճանաչվի:
Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները։
Մեկնաբանել