HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սաղյան. «Ով վեր է կենում, ասում է՝ Ակադեմիան բան չի անում»

սկիզբը

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր Աշոտ Սաղյանն Ակադեմիան «կղզիացած» կառույց չի համարում։ Ասում է՝ թույլ կողմեր կան, որոնք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ունեն։ Նրա խոսքով՝ 2021 թ. Ակադեմիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ինքը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին եւ փորձում է լուծումներ գտնել՝ թերությունները շտկելու համար։

«Դրա համար ունենք մոդել, ուղղակի դա մեծամասամբ գլխավոր կետերով դեռեւս չի հաջողվում իրականացնել, դրանք կապված են կանոնադրական փոփոխությունների հետ, իսկ կանոնադրությունը փոխելու համար պետք է օրենքը փոխել կամ օրենքի մեջ փոփոխություն անել»,- նշում է ակադեմիկոս Սաղյանը։ Նրա դիտարկմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանի հետ քննարկումներ են ունեցել, որին ակտիվ մասնակցել է թե՛ ԳԱԱ-ն, թե՛ ՀՀ գիտության կոմիտեն։ Երկու անգամ մշակվել են գիտության եւ կրթության զարգացման նախագծեր, որոնք հնարավորություն կտային իրականացնել փոփոխություններ, «թույլ կողմերն ուժեղացնել», սակայն, երկու դեպքում էլ դրանք Ազգային ժողով չեն հասել։

Այժմ, ըստ Սաղյանի, ԳԱԱ-ն սպասում է Գիտկոմի կողմից ներկայացված «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեւության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի ընդունմանը։ Այդտեղ, ըստ «Հետքի» զրուցակցի, Ակադեմիային վերաբերող երկու կետ կա, որոնց իրականանալու պարագայում ԳԱԱ-ն կփոխի կանոնադրությունն ու գլոբալ փոփոխություններ կանի։

«Խնդրում եմ ճիշտ հասկանաք՝ փոփոխություններ կան, որոնք չես անում, քանի որ օրենքին կհակասեն, իսկ դրանք կապված են գլոբալ փոփոխությունների, մարդկանց հետ, որոնք չեն ցանկանում այդ ամենը: Եվ ամեն ինչ պետք է անել օրենքի սահմանում, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք»,- նկատում է ԳԱԱ նախագահը։

Ընդգծում է, որ ակադեմիական համակարգը ճիշտ համակարգ է։ «Մեր պետության համար, որը գտնվում է այսպիսի դժվար աշխարհաքաղաքական վիճակում, վերացնել Ակադեմիան եւ զրոյից սկսել, ինձ թվում է՝ այնքան էլ ճիշտ չէ»,- ավելացնում է ակադեմիկոսը։

Աշոտ Սաղյանը հիշում է, որ վերջերս Վրաստանում կայացած հանդիպմանը վրացի գործընկերները տեղեկացրել էին, որ Եվրամիության հանձնախմբի հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկում էին Վրաստանում գիտության եւ կրթության ոլորտի բարեփոխումները, հանձնախումբը հայտարարել էր, թե հետսովետական հանրապետությունների շարքում գիտության կայուն զարգացում արձանագրվել է միայն Հայաստանում։ «Մեր գործընկերների մեկնաբանմամբ՝ Բելառուսն էլ շատ լավ տարբերակ է, բայց ելնելով քաղաքական խնդիրներից՝ նշել են Հայաստանը, որտեղ գիտությունը զարգանում է առանց որեւէ ցնցումների, կայուն տեմպերով առաջ է գնում: Դա Եվրամիության բարձրաստիճան հանձնախմբի արտահայտությունը, դիրքորոշումն էր»,- նշում է ԳԱԱ նախագահը։

Վերադառնալով կառավարության՝ ակադեմիական ինստիտուտներն ու բուհերը միավորելու գաղափարին, ակադեմիկոսը կրկին առաջ է քաշում գիտական ու կրթական հաստատությունների ինտեգրման, բայց ոչ միավորման տարբերակը։

«Պե՞տք է, որ մեր հոդվածները, որ այսօր ավելի շատ են, երեւան որպես բուհի գործառնության արդյունք: Դրա համար տարբերակ ենք առաջարկում, բայց մյուս կողմից՝ մի կարեւոր հանգամանք էլ ենք պահպանում՝ միաժամանակ աշխատենք տնտեսության համար։ Բազմիցս բարձաձայնել եմ այս մասին։ Պարոն վարչապետի մոտ էլ եմ ասել, երբ քննարկեցինք գիտությունը եւ ներկայացրեց այնպես, որ գիտահետազոտական ինստիտուտները գնահատվելու են տպագրված հոդվածներով, միջամտեցի։ Պարզ ասացի՝ պարոն վարչապետ, հոդված տպելով երկիրը երկիր չի դառնա, հոդված տպելով մեր տնտեսությունը չի զարգանա, մեր ռազմարդյունաբերական կոմպլեքսը չի զարգանա, վերջապես բոլորս ի գիտություն ընդունենք, որ վերջին պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկը մեր գիտատեխնիկական ցածր պատրաստվածությունն էր, որ չկարողացանք դիմադրել ժամանակակից տեխնոլոգիաներին»,- ասում է ԳԱԱ նախագահը։

Իսկ դրա համար, ըստ Աշոտ Սաղյանի, պետք է զարգացնել կիրառական գիտությունը։ Ակադեմիան հիմնարար մասով ամբողջությամբ ինտեգրվում է բուհի հետ, իսկ կիրառական մասով ծառայում տնտեսությանը, տնտեսության համար պատասխանատու գերատեսչություններին: Սակայն ակադեմիկոսը դժգոհում է պետության կողմից ԳԱԱ-ին իջեցվող պատվերների բացակայությունից:

-Այս 1,5 տարվա ընթացքում որեւէ գերատեսչությունից պատվեր չեն իջեցրել, չեն եկել ասել՝ այ Ակադեմիա, այսպիսի խնդիր ունենք, սեյսմոլոգիան, բնապահպանությունը, դեղագործությունը, տնտեսությունը պետք է զարգացնել, ի՞նչ եք մտածում։ Ես կհավաքեի բոլորին, այդ թվում՝ դրսից էլ մարդ կհրավիրեի, կուղարկեի գործուղում, հարցը լուծում կստանար:

-Ինչո՞ւ չկա այդ կապը:

-Չգիտեմ: Ինքս փորձել եմ նախարարությունների հետ մտնել կոնտակտի մեջ։ Էկոնոմիկայի նախարարության հետ հանդիպումներ ունենք, մյուս նախարարությունների հետ՝ ուղղակի չեզոքություն, չգիտեմ էլ, թե ինչու չկա։ Առաջարկում եմ, ասում եմ՝ փող էլ չենք ուզում ձեզնից, մի բանով օգնենք ձեզ։ Հիմա ասում են՝ դուք ներկայացնեիք, չսպասեիք, որ վերեւից պատվեր իջեցնեինք:

Այս տարվա հունվարի 1-ից արդեն մենք ենք անում։ Երեք տեսակի ծրագրային հայտեր կան, համատեղ ներկայացնելու ենք, բայց դա ճիշտ չէ, ճիշտը պատվերներ ներկայացնելն է: Մենք մի փոքր երկիր ենք, բոլորս ուզում ենք ունենալ ամեն ձեւով ապահովված եւ բարեկեցիկ երկիր՝ պաշտպանությունը, տնտեսությունը։

-Ի՞նչ չի հաջողվել անել այս 1,5 տարում։

-1,5 տարի անընդհատ պայքարում ենք կա՛մ օրենքի, կա՛մ Ակադեմիան պահելու համար, փոխանակ կենտրոնանանք այլ գործառույթների վրա: Ես դա ուղիղ եմ ասում եմ: Մի բան էլ ասեմ Ակադեմիայի կարեւորության մասին, միգուցե որոշ մարդիկ կընդունեն, որոշները՝ չէ։ Ակադեմիան ստեղծվել է 1943 թ., այս տարի նշելու ենք 80-ամյակը։ Այսօր էլի պատերազմական իրավիճակ է, այն ժամանակ գոնե մի հզոր երկրի մեջ էինք, հիմա չգիտենք, թե ինչ է լինելու, ում խոսեցնում ես, ասում է՝ պատերազմը մեր գլխին կախված է, հիմա Ակադեմիա են փակու՞մ:

-Ինչո՞ւ են փակում։

-Ինձ մի հարցրեք, չեմ կարող ասել, չեմ հասկանում: Միգուցե իրենք այդպես են մտածում, միգուցե եվրոպական մոդելներ կան, նայում են․․․

Ակադեմիայի թույլ կողմերի մասին

ԳԱԱ նախագահի խոսքով՝ Ակադեմիայի թույլ կողմերից գլխավորը երիտասարդացումն է, այդ թվում՝ ղեկավար կազմի։ Փոփոխություններ են նախատեսում։ Հարցին, թե արդյոք խոսքը կրճատումների մասին է, «Հետքի» զրուցակիցը բացասական է պատասխանում, ասում է՝ խոսքը կառուցվածքային փոփոխությունների մասին է. օրինակ՝ 5 բաժանմունքները 3 դարձնելով, տարիքային սահմանափակումներ մտցնել։

«Գիտկոմի առաջարկած նախագծում կա այդ տարիքային սահմանափակումը։ Դա հնարավորություն կտա երիտասարդացնել Ակադեմիայի կազմը, դարձնել ավելի ակտիվ ու իրականացնել բոլոր այն փոփոխությունները, որոնք կապված են ինստիտուտների հետ։ Մեզ մեղադրում են եւ տեղին են մեղադրում: Երեւի թե 10-15 տարվա ընթացքում ոչ այնպիսի արդյունավետ աշխատանք է տարվել, որ ինստիտուտները, կարծես, հեռացել են նախագահությունից: Դրա համար ստեղծել ենք բաց քննարկումների հարթակ։ Շաբաթը մեկ տնօրենները, գիտնականները գալիս են, նաեւ դրսից եկողներ ունենք, քննարկում ենք Ակադեմիայի բարեփոխումներ, թե ինչպես են տեսնում կառուցվածքը, ինչպես անել, որ կապն ուժեղանա, բազմաթիվ դրական առաջարկներ են եղել»,- նշում է Ակադեմիայի ղեկավարը։

Դիտարկմանը, թե վերջին տարիներին շատ են խոսում, որ Ակադեմիայի նախագահությունում ցածր ՕԳԳ-ով մարդիկ կան, որոնք իներցիայով են գնում աշխատանքի, քանի որ գումար պիտի ստանան, իսկ մյուս կողմից՝ նրանց չեն կարողանում կրճատել, որովհետեւ վաստակ ունեն, Աշոտ Սաղյանն արձագանքում է, որ ակադեմիկոսներն ու թղթակից անդամները բոլորն էլ վաստակ ունեն, բայց եթե խոսքը վերաբերում է ղեկավար կազմին, գործադիր մարմնին, ապա այն աշխատող մարմին է: Ըստ նրա՝ առաջարկում են մտցնել Ակադեմիայի կառավարման խորհրդի մոդել, որը նախկինում չի եղել։ Խորհրդում կլինեն ներկայացուցիչներ թե՛ ԿԳՄՍ նախարարությունից, թե՛ լիազոր մարմնից, թե՛ ԳԱԱ ղեկավար կազմից, թե՛ դրսից՝ առանց սահմանափակման։ Ա. Սաղյանը նշում է, որ բոլոր ինստիտուտների տնօրենները կարող են ընդգրկվել խորհրդում, ինչով կապահովեն նաեւ տնօրենների ու գիտնականների մասնակցությունն ակադեմիական գործընթացներին։ «Իրենք (նկատի ունի ակադեմիական համակարգի ինստիտուտները – հեղ. ) այդպիսի դիտողություն արել են, որ պասիվ մասնակցություն ունեն, չգիտեն, թե ինչ է քննարկվում Ակադեմիայում: Ճիշտ են ասում»,- նկատում է ԳԱԱ նախագահը։

Նրա խոսքով՝ թարմացրել են նաեւ երիտասարդ գիտնականների խորհուրդը, որի առաջ ակտիվ աշխատելու խնդիր են դրել։

-Մի քանի պետությունների օրինակներ կան, որտեղ գիտությունների ակադեմիան առանց ինստիտուտների է, բայց իր գործառույթներն ունի՝ ամբողջ փորձագիտությունը, գիտամեթոդաբանությունն ինքն է անում: Դա քիչ բան չէ: Բայց չգիտեմ՝ մեր դեպքում կթողնե՞ն ԳԱԱ-ն, թե՞ ոչ, որովհետեւ պետք է հասկանալ, թե որն է գլխավոր նպատակը՝ ինստիտուտները տանե՞լը, թե՞ Ակադեմիան փակելը:

-Այսինքն՝ մինչեւ հիմա Ձեզ համար էլ պարզ չէ՞, հատկապես որ աշխատանքային խմբի անդամ եք, անմիջական առնչություն ունեցող անձ եք:

-Ինձ համար շատ բան է պարզ, բայց վերջնական որոշումը վարչապետն է կայացնելու:

-Ի՞նչ է պարզ ձեզ համար:

- Ինձ համար պարզ է, որ առաջարկում ենք լավ տարբերակ (ժպտում է – հեղ.)։

-Կընդունվի՞ այն։

-Չեմ կարող ասել: Բոլորս ապրում ենք մի երկրում, եւ այդ հարցի պատասխանը դժվար է տալ:

-Վերջնաժամկետ կա՞, կարծիքներ կան, որ մինչեւ տարեվերջ պետք է իրականացվեն փոփոխությունները։

-Չէ, դեռ որեւէ բան չկա: Ինչպես տիկին նախարարը ներկայացրեց, աշխատանքային խումբը պետք է եզրափակի վերլուծական տեղեկանքի ձեւով եւ ներկայացնի կառավարությանը: Մեկնաբանվել է, որ երկու տարբերակներն էլ (կառավարության եւ Ակադեմիայի – հեղ.) պետք է գնան կառավարություն: Հիմա ես չգիտեմ՝ երկուսն էլ կգնա՞ն, թե՞ մեկը: Ամեն դեպքում, մենք անում ենք մեր գործը եւ գտնում ենք, որ ճիշտ ենք անում: Եթե մի տեղ կա թերություն, պետք է այն լուծել, ոչ թե փակել: Պետք է մի լավ վերլուծել:

-Ծանր ժամանակներ են․․․

-Ծանր ժամանակներ են, որովհետեւ աշխատող իմ թիմը փոքր է, պիտի հզորացնենք։ Փոխանակ մտածենք մի լավ բան անենք, մտածում ենք՝ ո՞նց պահպանենք Ակադեմիան, ո՞նց անենք, որ օրենքը ճիշտ ընդունվի, էլ չեմ ասում՝ ով տեղից վեր է կենում, խոսում է Ակադեմիայի մասին։

Ադրբեջանցիներն անընդհատ ինչ ասես ասում են։ Հիմա էլ պետական մակարդակով ասում են՝ Հայաստանն «Արեւտմյան Ադրբեջան է», ակադեմիական ինստիտուտներին դրա վրա են դրել, թե ամբողջ աշխարհին ցույց տվեք, որ Հայաստան չկա։ Եվ մենք ուզում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Իսկ ով վեր է կենում, ասում է՝ Ակադեմիան բան չի անում։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter