HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլորն էլ գիտեին, որ այս հակամարտությանը պետք է վերջ դնել զիջումներով»․ Սամվել Բաբայան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում դիտարկվել է օրերս համացանցում հրապարակված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 1998թ․ պայմանագրի նախագծի բովանդակությունն ու այդ համատեքստում իր մոտեցումները։

«Օրեր առաջ համացանցում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին 1998թ պայմանագրի նախագիծը, որն ապացուցում է, որ գոռացող-ոռնացող լրատվականներն ու նրանց «ոչմիթիզական» հովանավորները փուչիկ են։

Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր է լուծել բացառապես փոխզիջումներով՝ 1997թ նոյեմբերին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն ունեցած հանդիպումից հետո, մեր պայմանավորվածության համաձայն, որպես ԼՂՀ պաշտպանության նախարար, 1998թ հունվարին ներկայացրել եմ ԼՂՀ իշխանությունների տեսակետը՝ հրապարակված պայմանագրի նախագծի տեսքով։ Առաջարկությունը մշակել ենք ԼՂՀ արտգործնախարարության հետ պաշտպանության նախարարությունը՝ տարածքների մասը և քարտեզը, արտաքին գործերի նախարարությունը՝ քաղաքական մասը։ Լ Տեր-Պետրոսյանի հետ քննարկել ենք ինչ տարածքներ կարելի է զիջել և ինչ տարածքներ չի կարելի զիջել ոչ մի դեպքում։ Այդ տարածքները և դրանց հիմնավորումները պարզ երևում են փաստաթղթում։

Բոլորն էլ գիտեին, որ այս հակամարտությանը պետք է վերջ դնել զիջումներով։ Ավելին՝ Հայաստանը, Արցախի իշխանությունների իմացությամբ և համաձայնությամբ, ամբողջ բանակցությունները տարել է զիջումների շուրջ։ Այլ տարբերակ էլ չեն ունեցել։ Բայց եկել, հայտարարել են, թե ոչ մի զիջում չի լինելու, ոչ մի թիզ հող չի հանձնվելու։ Այսօր էլ նույն վիճակն է՝ պատրաստ են երկիրը հանձնեն, ժողովրդին փախստական դարձնեն, բայց ջրի երես դուրս չգա, որ հող հանձնելու վերաբերյալ են եղել բոլոր բանակցությունները։ Եթե կարող են, թող հերքեն։

Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում շաբաշով լրատվականների աղմուկը։ Դրանց նպատակը ինձ համար պարզ է, ժողովրդի համար չէ պարզ։ Ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն երկու կողմի զիջումներով, իսկ դրա միակ ճանապարհը Ադրբեջանի հետ երկխոսությունն է և փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։ Ես ներկայացրել եմ իմ տեսակետը, առաջարկել քաղաքական և հասարակական ուժերի հետ հղկել, վերջնական փաստաթուղթ պատրաստել և այդ փաստաթղթի շրջանակներում բանակցել Ադրբեջանի հետ։ Թե չէ՝ դարձել եք բացատրությունների և արդարացումների կառավարություն։ Ադրբեջանը մի բան է ասում, ամբողջ պետական համակարգով լծվում եք, որ հերքեք։ Իսկ եթե Ադրբեջանի հետ հաղորդակցվելու ճանապարհային քարտեզ ունենայիք, կիմանայիք ով է բանակցում, ինչի մասին է բանակցում, ժողովրդին ինչ ինֆորմացիա եք տալիս, երբ եք տալիս։ Հատուկ բթամիտների համար էլ ասեմ, որ փոխվստահությունը ինտեգրացիա չէ։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ եմ առաջարկել ես և ինչ են բանակցել ինձանից հետո։ Ինձ բանակից հեռացնելուց հետո սկսել են բանակցել միջանցքի տրամաբանությամբ։ Եթե ես առաջարկել եմ 8000 քառ կմ տարածք, հանձնողը ե՞ս եմ, թե՞ սրանք, որ այսքան զոհերի գնով հազիվ 3000 քառ կմ տարածք են պահել։ Եթե հիմա էլ կոնկրետ գործողություններ չանենք, սա էլ չենք կարողանալու պահել։

Գոնե հիմա հասկացեˊք, որ ես եկել եմ ոչ թե հանձնելու Արցախը, այլ փրկելու Արցախը պահելու վերջին հնարավորությունը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter