HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիան զգուշանում է Հոլանդիայից, Պորտուգալիան՝ Դանիայից

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գոհ է իր թիմի խաղից, որը երեկ երեկոյան նվազագույն հաշվով հաղթեց պորտուգալացիներին: «Երկու թիմերն էլ հրաշալի էին խաղում պաշտպանությունում: Հետին գծում մենք ավելի կիպ էինք գործում, քան վերջերս եղել է: Ճիշտ է՝ առջեւում էլ կարող էինք ավելացնել, կաշխատենք այդ ուղղությամբ, սակայն հիմա կարեւորը 3 միավորն է»,- նշել է մարզիչը:

Լյովն ասել է, որ Գոմեսն ունեցավ մի պահ եւ օգտագործեց այն: Միաժամանակ գերմանացին խոստովանել է, որ գոլից մի քանի րոպե առաջ Գոմեսի փոխարեն ուզում էր դաշտ մտցնել Միրոսլավ Քլոզեին, սակայն փոխարինման պատրաստվելը որոշ ժամանակ պահանջեց:  

«Ընդմիջմանը տղաներին ասացի, որ պետք է արագացնել տեմպը: Պորտուգալացիներն ուզում էին գցել այն, սակայն, այդուհանդերձ, մենք ավելացրինք արագությունը: Ամեն ինչ այնքան արագ է կատարվում, որ քեզ անպայման կպատժեն սխալի դիմաց: Մեկ պահ՝ մեկ գոլ: Անհրաժեշտ էր փոխանցումների ժամանակ խուսափել ռիսկից: Ընդհանուր առմամբ, մենք պետք է լավ տեմպ հավաքեինք ու չկորցնեինք զգոնությունը: Վերջիվերջո գլխավորը հաղթանակն է»,- շեշտել է Լյովը՝ նշելով, որ պետք է զգուշանալ հոլանդացիներից:

Պորտուգալացիների մարզիչ Պաուլու Բենտուն խոստովանել է, որ խաղի արդյունքն իրեն չի ուրախացնում: Ըստ նրա՝ իրենք գիտեին, որ ծանր հանդիպում է լինելու: Բենտուն կարծիք է հայտնել, որ մրցակցի գոլի ժամանակ իրենց բախտը չբերեց, երբ գնդակը պորտուգալացի խաղացողին դիպչելուց հետո հայտնվեց Գոմեսի մոտ: «Մենք գոլ չխփեցինք, բայց, ինչպես արդեն ասել եմ, կարող ենք խաղալ հաղթանակի համար ու պարտվել: Սա ֆուտբոլ է: Ամեն դեպքում պիտի շարունակենք սկսածը: Այժմ շատ կարեւոր է ուժերը վերականգնել»,- ասել է Բենտուն: 

Մասնագետը հավելել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ դանիացիերի հետ երկրորդ խաղի վրա, որոնք հիմա լավ իրավիճակում են: Սկանդինավցիների հաղթանակը հոլանդացիների նկատմամբ անակնկալ չի եղել պորտուգալացիների համար, քանի որ, ըստ Բենտուի, իրենք դանիացիներին խմբում ամենաթույլը չեն համարել, ինչպես որ ոմանք: Պորտուգալացին նշել է, որ իրենց չի հերիքել մի բան՝ գոլը, որին կձգտեն հաջորդ խաղում: Նա նաեւ շեշտել է այն հանգամանքը, որ դանիացիներին իր հայրենակիցները վերջին չորս խաղում հաղթել են միայն մեկ անգամ (այս թիմերը մրցակիցներ են եղել «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարում), հետեւաբար պետք է լավ պատրաստվել գալիք խաղին:

Լուս.՝ Getty Images-ի  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter