HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել ՔԿՀ պաշտոնատար անձին. վերջինս կալանավորվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են Քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից  կաշառք ստանալու դեպքեր:

«Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու և խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսը չառգրավելու համար դատապարտյալից պահանջել է 200.000 դրամ կաշառք: Դրանից հետո՝ 2022 թվականի մայիսի 30-ին, կաշառքի հիշյալ գումարը դատապարտյալ Ա. Ս.-ի կնոջ բանկային հաշվից փոխանցվել է ՔԿՀ պաշտոնյայի՝ Ա. Ա.-ի կնոջ անվամբ գրանցված, սակայն փաստացի Ա. Ա.-ի կողմից տնօրինվող բանկային հաշվին:

Բացի այդ, վերը նշված պաշտոնատար անձը նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» Ա. Դ.-ի օգտին նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև բջջային հեռախոսը չառգրավելու համար, հիշյալ կալանավորից պահանջել և վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից վճարային տերմինալներից տարբեր օրերին կատարված փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 448.600 ՀՀ դրամ կաշառք, որը կրկին փոխանցվել է իր կնոջ բանկային հաշվեհամարին:

2023թ. փետրվարի 28-ին հիշյալ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ:

2023թ. մարտի 2-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ դատապարտյալ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): 

Նույն օրը քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:

Նախաքննոթյունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter