
ՊՆ-ն ևս մեկ վարժական հավաք կանցկացնի, որին կներգրավվի 2648 պահեստազորային
Պաշտպանության նախարարությունը մտադիր է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ն անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 2648 քաղաքացու։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հավաքներին ներգրավելիք 2684 քաղաքացուց 2364-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Հիշեցնենք, որ 2023թ․ ընթացքում սա կլինի պաշտպանության նախարարության հայտարարած երրորդ վարժական հավաք։ Առաջինը (3281 պահեստազորային) անցկացվելու է մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը։ Երկրորդ վարժական հավաքների նախագիծը պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր փետրվարի 20-ին, ըստ որի՝ վարժական հավաքներ են տեղի ունենալու ապրիլի 15-ից հունիսի 15-ը՝ 953 պահեստազորայինի ներգրավմամբ։
Մեկնաբանել