
Ըստ Բիլեկի՝ չեխերը խմբից դուրս գալու հնարավորությունները չեն կորցրել
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրաշալի արդյունք է համարում 4-1 հաշվով հաղթանակը չեխերի նկատմամբ: Սակայն մարզիչը նշել է, որ պետք է զարգացնել հաջողությունը: «Սկզբում մենք չէինք կարողանում գտնել մեր խաղը, թիմը գտնվում էր լուրջ ճնշման տակ: Իսկ ահա առաջին խփած գոլից հետո մենք վերահսկում էինք խաղի ընթացքը»,- ասել է հոլանդացին:
Նա հավելել է, որ մյուս խաղում նույնպես վստահելու է Կերժակովին. «Եթե ընդունում ես ինչ-որ որոշում, պետք է հետեւես դրան: Կերժակովն այսօր շատ լավ խաղաց, բացվում էր, պայքարում: Ուղղակի նա մոռացել է գոլ խփել»:
Չեխերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն էլ նշել է, որ, իր կարծիքով, Չեխիայի հավաքականը լավ էր սկսել խաղը, սակայն գնդակի կորստից հետո թիմը գոլ բաց թողեց: Բիլեկը խոստովանել է, որ Ռուսաստանը իսկապես ուժեղ թիմ ունի: «Մենք այժմ, բնականաբար, շատ հիասթափված ենք: Հիմա պետք է բնավորություն ցույց տանք: Գտնում եմ, որ հնարավորություն ունենք հաղթել մյուս երկու խաղերում եւ դուրս գալ 1/4 եզրափակիչ: Ռուսաստանը խմբի ակնհայտ ֆավորիտն է, սակայն գալիք երկու խաղերն էլ մեզ համար շատ բարդ կլինեն»,- նշել է չեխ մարզիչը:
Վերջինս կարծիք է հայտնել, որ իրենք պարտվել են ոչ թե սեփական սխալների, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ռուսները արժանի էին հաղթանակի:
Լուս.՝ Getty Images-ի
Մեկնաբանել