
ԶՈՒ վարորդի թեկնածուների համար անհրաժեշտ բժշկական հետազոտությունները կիրականացվեն անվճար
Առողջապահության նախարարությունն առաջարկում է, որ Զինված ուժերի կարիքների համար պատրաստվող վարորդի թեկնածուներին վարորդական վկայականներ (ՎԻՎ) հատկացնելու նպատակով բժշկական հավատարմագրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվեն պետական պատվերի շրջանակներում, այսինքն՝ անվճար։
Գործող իրավակարգավորմամբ` ՎԻՎ ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու համար անհրաժեշտ է բժշկական հավատարմագրում, ինչի համար իրականացվող հետազոտություններն ու մասնագիտական խորհրդատվությունները վճարովի էին։ Սա, ըստ ԱՆ-ի, լրացուցիչ ֆինանսական բեռ է զորակոչիկի ընտանիքի համար:
Այս առումով՝ ԱՆ նախաձեռնել է փոփոխություն իրականացնել Կառավարության 2020թ. մարտի 26-ի թիվ 383-Ն որոշման մեջ («Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»)։
Որոշման փոփոխման նախագիծը մշակել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչությունը։
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Գլխավոր լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել