
Ոստիկանները ատեստավորում կանցնեն և աշխատավարձի հավելավճար կստանան
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով այդ ոստիկանների համար կհաշվարկավի աշխատավարձի հավելավճար։ Նախագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծեր հրապարակման միասնական կայքում։
Ատեստավորման գործընթացը կմեկնարկի 2023 թվականի ապրիլից և կշարունակվի երեք տարի։ Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից: Առաջին անգամ ատեստավորում անցնող ծառայողների համար վերապատրաստում անցնելու պահանջ կամ հնարավորություն չի նախատեսվելու, բացառությամբ առանձին դեպքերի:
Ծառայողների՝ ատեստավորմանը մասնակցելու հերթականությունը որոշվելու է անվան և ազգանվան այբբենական հաջորդականությունից ելնելով: Նախքան ատեստավորման անցկացումը ծառայողին տրամադրվելու է այն իրավական ակտերի ցանկը, որից կազմվել են ատեստավորման հարցերը: Ատեստավորման դիմելու համար ծառայության ստաժի սահմանափակում չի նախատեսվելու:
Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:
Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։
Մեկնաբանել