
Ցուցահանդես՝ մեկնման և ժամանման արանքում․ շուրջօրյա պատկերասրահ «Զվարթնոց» օդանավակայանում
Այս «պատկերասրահով» օրական անցնում է 2000-ից ավելի մարդ, հանդիսատեսը գալիս և գնում է աշխարհի տարբեր ծայրերից։ Այն բաց է շուրջօրյա՝ շաբաթական 7 օր։
Ցուցասրահը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է, իսկ կտավի վրա գրիչով նշումներ անողը՝ դրանց հեղինակ, օդանավակայանում հերթական ցուցադրության գեղանկարիչ Արմեն Զաքարյանը. կտավների մակագրությունն է թարմացնում։
Արդեն հինգերորդ օրն է, ինչ նրա գործերը ցուցադրվում են օդանավակայանի մեկնումների սրահում։
«Շատ արտասովոր, հետաքրքիր է այս ցուցադրությունը. փաստորեն, իմ նկարներով դիմավորելու և ճանապարհելու եմ մարդկանց երկրի գլխավոր մուտքում»,- ասում է նկարիչը։
Արմենը 34 տարեկան է, Գեղարվեստի պետական ակադեմիան ավարտելուց հետո դասավանդել է ակադեմիայում և տարբեր ստուդիաներում։
2019թ․-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ցուցադրվել է տարբեր ցուցահանդեսներում թե' Հայաստանում, և թե' արտերկրում։
Արմենի բազմաշերտ գույներով նկարները օդանավակայանի անցորդներին պատմում են Հայաստանի բնաշխարհի, վերնակուլյար (առանց ճարտարապետի» ձևավորված միջավայրեր) ճարտարապետության, լեռնաշղթայի ֆոնին հայ կամավորի, խրամուղում ցրտին դիրքերը բարձրացող սերժանտի մասին.
««Սերժանտը» կտավը պատկերված է տաք երանգներով, բայց ցույց է տալիս սառը մթնոլորտ։ Յուղաներկի հաստ շերտերով պատկերել եմ ձյան սպիտակ շերտերը։ Կիսախավարի մեջ, ցրտին դիրքապահ սերժանտը թիկունքից է պատկերված, անձնավորված չէ, բայց ինչ-որ առումով այն նաև ես եմ. ինքնս էլ սերժանտ եմ եղել ծառայության ժամանակ»,- պատմում է Արմեն Զաքարյանը։
Ցուցասրահի այս ձևաչափը «Զվարթնոց» օդանավակայանում գործում է 2016թ․-ից, «ArtAm» ժամանակակից արվեստի ցուցասրահն է, որը նկարիչներին և լուսանկարիչներին հնարավորություն է տալիս անվճար ցուցադրել 26 նկար մեկնման և VIP սրահներում՝ մեկ ամիս ժամանակով։
Մասնակցելու համար նկարիչները պետք է նախօրոք հերթագրվեն «ArtAm Gallery» հարթակում։
Նախագիծն ուղղված է հայ արվեստագետների և հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը:
Օդանավակայանում ցուցահանդեսի համադրողը Արմինե Թումանյանն է, նա վստահ է, որ «արվեստը կարելի է ցուցադրել ամենուրեք, որտեղ կա տարածք և հանդիսատես»։
Արման Զաքարյանի աշխատանքները «Զավարթնոց» օդանավակայանում կարելի է տեսնել մինչև մարտի 13-ը։
Մեկնաբանել