HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը». Սերդար Քըլըչ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն այսօր գրառումներ էին արել, որտեղ նշվում էր, որ Հայաստանը 100 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա՝ երկրաշարժերից տուժած թուրք բնակչությանն օգնության նպատակով։

Ընդ որում, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները նշել էին, որ հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարներն անցել էին հայ-թուրքական սահմանով՝ Մարգարա-Ալիջան հատվածում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով թուրքական կողմի ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է հայկական կողմի տրամադրած հումանիտար օգնությանը՝ հայտարարելով, որ ինքը երբևէ չի մոռանա Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը։ «Շնորհակալություն, հարգելի' Վահան Կոստանյան, շնորհակալություն, հարգելի' Ռուբեն Ռուբինյան՝ ձեր բարի ջանքերի համար, որ սա իրականություն դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ մեղմելու մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջանում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել թուրք դիվանագետը։

Նա նշել է, որ 100 տոննա հումանիտար օգնությունը ներառում է սնունդ, դեղամիջոցներ, ջուր և այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք կուղարկվեն Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ այս պահին աշխատում են նաև հայ փրկարարները։

Ըստ առկա վերջին տվյալների՝ փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 24 000-ը։ Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 20 665-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 3 500 զոհ։

AFAD-ի փոխանցմամբ՝ երկու ավերիչ երկրաշարժերից հետո, ընդհանուր առմամբ, գրանցվել է 1891 հետցնցում։ Հիմնական փլուզումներն ու զոհերը գրանցվել են Թուրքիայի Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս, Մալաթյա և Էլյազըղ նահանգներում։ Սիրիայում էլ մեծապես տուժել են Հալեպը, Իդլիբը, Համան ու Լաթաքիան։

ՄԱԿ-ի տվյալներով՝ երկու երկրներում առնվազն 870 000 մարդ պարենի հրատապ կարիք ունի։ Ըստ այդ կառույցի՝ միայն Սիրիայում 5,3 միլիոն մարդ անտուն է մնացել։ Համաշխարհային բանկը հայտարարել է, որ, որպես օգնություն, 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիային։

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին, տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,5 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Լուսանկարը՝ Թվիթերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter