
Պատգամավորի՝ ռազմարդյունաբերությանը վերաբերող հարցերին նախարարը հրապարակային տեղեկություններ չտվեց
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից է ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական ոլորտը: Իսկ այդ ոլորտի համար ամենակարևորը գիտատեխնիկական բազան և նոր տեխնոլոգիաներն են: Նա կառավարության անդամներից հետաքրքրվեց, թե այլ երկրների գիտնականների հետ համագործակցության ինչ ծրագրեր և ինչ համատեղ արտադրություններ կան:
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ, ցավոք, չի կարող շատ ընդլայնվել այդ ձևաչափով: Սակայն նշեց, որ տարբեր միջոցառումների են մասնակցում և միջազգային գործընկերների հետ քննարկվում են բարձրացված հարցերը: Օրինակ, մոտակա միջոցառումներից մեկը լինելու է Աբու Դաբիում փետրվարին անցկացվող ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը տաղավարով ներկայացված է լինելու:
«Եթե ամփոփ ներկայացնեմ, նման միջոցառումների միջոցով մենք փորձում ենք ձեռք բերել գործընկերներ, որոնց հետ առանձին ուղղություններով փորձում ենք խորացնել մեր համագործակցությունը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ պատգամավորին կարող է ներկայացնել գրավոր տեղեկություններ կատարված աշխատանքի հետ կապված կամ հանդիպել, ավելի ազատ զրուցել:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իր բարձրացված հարցը գաղտնի տեղեկատվություն չի պարունակում, հրապարակման ենթակա տվյալներ է խնդրում:
Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ բանակցություններ են ընթանում և երկրների, ընկերությունների անուններ բացահայտելը գաղտնիության ռեժիմ է ենթադրում: Սակայն նշեց, որ Հնդկաստանում մասնակցել են ցուցահանդես և տեսանելի արդյունքներ ունեն:
Մեկնաբանել