
70 անձ փոխհատուցում կստանա 44-օրյա պատերազմի ժամանակ ոչնչացված կամ վնասված մեքենաների համար
Պաշտպանության նախարարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց պատկանող տրանսպորտային միջոցները ոչնչացվել կամ վնասվել են 2020թ․ արցախյան պատերազմի ժամանակ։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ վնաս է հասցվել։ Վարչապետի 2021թ․ նոյեմբերի 9-ի որոշմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և ֆիզիկական ու իրավաբանական անձանցից ստացված դիմումների քննարկման և «Ակսոն» ապրանքահումքային բորսա ՍՊԸ-ի գնահատման արդյունքներով՝ դրական եզրակացություն է կայացվել 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 185 միլիոն 967 հազար դրամի չափով։
Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, նշված 70 տրանսպորտային միջոցներից 25-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, իսկ 45-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան։
Վերը նշված գումարը Պաշտպանության նախարարությանը կհատկացվի ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:
Հավելենք, որ այս որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել