
Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (ՏԿԵՆ) առաջարկում է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարաձգել ևս 10 տարով՝ 2026 թվականից մինչև 2036 թվականը, ինչը հիմք կհանդիսանա ՀՀ կառավարության կողմից դրա հետագա ընթացքը որոշելու համար: Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թ․։ ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 19-ի որոշման համաձայն՝ իրականացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026թ.։ Նշված ծրագրի շրջանակներում, ըստ ՏԿԵՆ-ի ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ (շուրջ 189 մլն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից շուրջ 63,2 մլրդ դրամ)։
Հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ 2026թ.-ից մինչև 2036թ.-ը։
ՏԿԵՆ-ը ակնկալում է, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա գնահատել Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և հնարավոր ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա։
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել