
«Զվարթնոց» օդանավակայանը 2022-ին ռեկորդներ է գրանցել
Հայաստանի գլխավոր օդային դարպասը՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, 2022-ին ռեկորդներ է գրանցել հիմնական արտադրական ցուցանիշներով: Սա ասելով՝ նկատի ունենք ուղեւորափոխադրումները, բեռնափոխադրումներն ու թռիչք-վայրէջքների քանակը:
Ժամանողները թիվը 30.634-ով ավելի է եղել մեկնողների թվից
Ուղեւորափոխադրումների սեգմենտում մինչ այս «Զվարթնոցի» լավագույն ցուցանիշները գրանցվել էին նախաքովիդյան ու նախապատերազմական շրջանում՝ 2019-ին, երբ այս օդանավակայանով Հայաստան էր ժամանել ու մեկնել 3.021.608 մարդ: 2020-ին բոլոր առումներով անկում գրանցվեց, եւ «Զվարթնոցի» տարեկան ուղեւորահոսքը կազմեց ընդամենը 790.827 մարդ: Որոշակի վերականգնում նկատվեց 2021-ին, երբ մեկնած ու ժամանած ուղեւորների թիվը հասավ 2,2 մլն-ի: Այդուհանդերձ, դա ավելի քիչ էր, քան 2017-2019 թթ.:
Բայց անցյալ տարի «Զվարթնոցը» կարողացել է նոր նշաձող սահմանել: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեից, որն իր հերթին տվյալները վերցրել է «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, «Զվարթնոցի» ուղեւորահոսքը 2022-ին եղել է 3.649.764 մարդ: Սա նոր ռեկորդ է:
Ըստ այդմ՝ 2022-ին մեկնածների թիվը եղել է 1.809.565, իսկ ժամանածներինը՝ 1.840.199: Այսպիսով՝ նախորդ տարի «Զվարթնոցով» Հայաստան ժամանողները թիվը 30.634-ով ավելի է եղել մեկնողների թվից:
Միայն օգոստոսին «Զվարթնոցից» օգտվել է 453 հազ. ուղեւոր
Եթե ուղեւորահոսքը դիտենք ամսական կտրվածքով, ապա պետք է ասենք, որ դրա կորը եղել է այնպիսին, ինչպես նախորդ տարիներին: Այսինքն՝ ամենապասիվ ամիսը եղել է փետրվարը, իսկ ամենաակտիվը՝ օգոստոսը: Չենք կարող չնշել, որ այս տարի «Զվարթնոցի» թվերի աճին մեծապես նպաստել է ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին Հայաստան ժամանող օտարերկրացիների քանակը:
Ինչպես կարող ենք տեսնել ստորեւ, նախորդ տարվա ապրիլից սկսած ամսական կտրվածքով «Զվարթնոցում» գրանցվել են վերջին տարիների ամենամեծ ցուցանիշները: Այսինքն՝ ապրիլ-դեկտեմբեր ամիսների լավագույն ցուցանիշները «Զվարթնոցն» ունեցել է հենց 2022-ին: Դե իսկ 2022 թ. օգոստոսին գրանցված 453.534 ուղեւորն ամսական կտրվածքով լավագույն արդյունքն է «Զվարթնոցում» վերջին տարիների ընթացքում:
Բեռ+փոստ ցուցանիշով եւս «Զվարթնոցը» նոր նշաձող է սահմանել
Բեռնափոխադրումների ոլորտում եւս 2022 թ. հաջող է եղել «Զվարթնոցի» համար: Անցյալ տարի Հայաստանի գլխավոր օդային դարպասով տեղափոխվել է 23.340 տոննա բեռ (ներառյալ՝ փոստ): Նման արդյունք նախորդ տարիներին չէր գրանցվել: Նկատենք, որ, օրինակ, 2021-ին բեռ+փոստ ցուցանիշը «Զվարթնոցում» եղել է 17.321 տոննա:
Ահա բեռնափոխադրման (ներառյալ՝ փոստի) ծավալները 2022 թ. ամսական կտրվածքով:
Նկատենք, որ, ի տարբերություն ուղեւորափոխադրման, բեռնափոխադրման կորը չունի ավանդաբար ձեւավորված տեսք:
Վերջին տարիներին աննախադեպ է եղել 2022 թ. թռիչքների ու վայրէջքների քանակը
2022 թ. աճել են նաեւ թռիչքներն ու վայրէջքները «Զվարթնոցում»: Գրանցվել է 17.344 թռիչք եւ 17.345 վայրէջք, ընդհանուր՝ 34.689 հատ: 2021-ին էլ գրանցվել էր 20.218 հատ թռիչք ու վայրէջք: 2022-ից առաջ լավագույն ցուցանիշը եղել է 2019-ին՝ 26.524 հատ թռիչք ու վայրէջք:
Ահա թռիչքների ու վայրէջքների քանակը «Զվարթնոցում» 2022 թ. ամսական կտրվածքով:
Այս պատկերը կարող ենք համեմատել ուղեւորահոսքի ամսական բացվածքի հետ ու տեսնել, որ դրանք ուղիղ համեմատական են: Այսպես՝ թե՛ ուղեւորափոխադրումների սեգմենտում, թե՛ այստեղ ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են հուլիս-հոկտեմբերին եւ դեկտեմբերին: Սա բնական է, քանի որ ժամանած ու մեկնած ուղեւորների քանակը մեծ հաշվով կախված է թռիչքների քանակից, բայց կարեւոր է նաեւ օդանավերի տարողունակությունն ու ծանրաբեռնվածությունը յուրաքանչյուր թռիչքի ժամանակ:
Հաջորդ հոդվածում կներկայացնենք Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանի՝ Գյումրու «Շիրակի» ցուցանիշները:
Տես նաեւ՝
- «Զվարթնոցի» ցուցանիշները «վերակենդանացում» են հուշում, բայց մտահոգիչը մեկնածների զգալի մեծ թիվն է
- Կորոնավիրուսի ու պատերազմի տարում «Զվարթնոց» օդանավակայանը հակառեկորդներ է գրանցել
- 2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի արտադրական ցուցանիշներն աճել են
- «Զվարթնոցի» ցուցանիշներն աճել են՝ բացի բեռնափոխադրումից
- «Զվարթնոցը» թարմացրել է նախորդ տարվա ռեկորդը (ինֆոգրաֆիկա)
- «Զվարթնոցում» կտրուկ աճել է տեղափոխվող ուղեւորների ու բեռի քանակը (ինֆոգրաֆիկա)
Լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել