HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԹ դեսպանի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է արցախցի երեխաների իրավունքների խախտմանը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։

Դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում: Ջոն Գալագերին համատեղ և արդյունավետ աշխատանք է մաղթել նախարարին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման ու ամրապնդման:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ոլորտային համագործակցությանը, հատկապես կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ: Որպես հաջողված օրինակներ՝ նշվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրը, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացումը։ 

Հանդիպման ընթացքում կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է եղել ՀՀ-ում ընթացող կրթական և մշակութային բարեփոխումների ընթացքին, և երկուստեք վերահաստատվել պատրաստակամությունը՝ էլ ավելի սերտորեն համագործակցել ոլորտային ռազմավարությունների իրականացման փուլում։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ վերստին շեշտելով հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները:

«Ամեն օր շարունակվում են խախտվել շուրջ 30 000 երեխաների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը: Հույս ունենք, որ նաև դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները տեղ կհասնեն, խնդիրը լուծում կստանա, և Լաչինի միջանցքը կբացվի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նշելով, որ բարձրաձայնված խնդիրը գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ դեսպան Ջոն Գալագերը հույս է հայտնել, որ խնդիրը  կստանա դրական լուծում:

Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջիկայում Լոնդոնում տեղի ունենալիք Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքի և ձեռքբերումների ներկայացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter