Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ հաղորդակցությունն արդյունք չի տվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 18-ին անցկացվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
«Նիստում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման պատճառով Արցախում արդեն 38 օր տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, քննարկվել են դրանց հաղթահարման մեխանիզմները։
ԱՀ նախագահը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել:
Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ: ԱՀ ԱԽ նիստում ընդգծվել է սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը ճգնաժամային իրավիճակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։
Լիազոր պետական կառույցների ղեկավարներին Հանրապետության նախագահը տվել է հանձնարարականներ։ Օպերատիվ շտաբի պետ, պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում կներկայացնի շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ»,- նշված է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել