Հունվարի 17-ի երեկոյան Երևանի Թումանյան փողոցում սպանության փորձ է կատարվել
«Թիվ 1-ին համալսարանական» հիվանդանոցից հունվարի 17-ի երեկոյան ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի հատվածում հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի՝ 1995թ. ծնված մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է շենքի մոտակայքում։ Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն։
Այդ առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
Մասնավորապես, կատարվել է դեպքի վայր հանդիսացող Երևան քաղաքի հիշյալ փողոցի շենքի բակային տարածքի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է հրազենային վնասումով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, հրազենից կրակված գնդակներ և պարկուճներ:
Առգրավվել են դեպքի վայրի մոտակայքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցներն արձակվել և տուժողին հրազենային վնասվածքները հասցվել է ենթադրաբար Երևան քաղաքի 29-ամյա բնակչի կողմից՝ դեպքից օրեր առաջ ծեծի ենթարկվելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով։ 2023 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 19։19-ի սահմաններում, նա երկու այլ անձանց հետ եկել է 27-ամյա տղամարդու բնակության վայր, սպասել և, շենքի բակում տեսնելով վերջինիս, կրակել նրա ուղղությամբ, որից հետո դիմել են փախուստի։
Նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել