«Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է»․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակված լինելու և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դրանում մասնավորապես ասված է․
«Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի հետևանքով 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից:
30 000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը:
Ողջունելով և կարևորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա պաշտոնական նամակն ավելի քան 30 պետությունների խորհրդարանների ղեկավարներին` ուզում եմ ընդգծել, որ այս հարցում ՀՀ և ԱՀ խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները, բոլոր օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը և միասնական ջանքերով աշխարհի ուշադրությունը հրավիրեն անկանխատեսելի զարգացումներով օրեցօր սաստկացող հումանիտար աղետի վրա:
Սա պետք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար:
Մենք պետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը, և այն կանխելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել