HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք ստանալու և տալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կոմիտեի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ոչնչացնելու գործընթացը Կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու համար, 2022 թվականի նոյեմբերի 24-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն վերադարձվել է ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը չի ոչնչացրել, այլ փոխարենը պիտանելիության ժամկետն անցած՝ ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել: Դրանից հետո՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ին, ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ. Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր պիտանելիության ժամկետը լրացած 302.000 հատ ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն այնուհետև հաստատել է իր ստորագրությամբ, որի դիմաց տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարի դրդմամբ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու: Այնուհետև Ա. Մ.-ն կեղծ տեղեկություններ պարունակող՝ վտանգավոր արտադրանքի ոչնչացման վերը նշված ակտը դրել է պաշտոնական շրջանառության մեջ և ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Ոչնչացման գործընթացը սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու հետևանքով ժամկետանց ձվի որոշ մասն ըստ էության իրացվել է ՀՀ շուկայում:

26.12.2022թ.-ին ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ն, ՍԱՏՄ երկու պաշտոնատար անձինք և ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Պ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով և Ռ. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /երկու դրվագ/ և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով:

Ռ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Գ. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառվել են ՀՀ-ից բացակայելն արգելելը և պաշտոնավարումը կասեցնելը:

Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել է, և նյութերն ուղարկվել են դատարան»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter