
Բրյուսովի անվան համալսարանն ու ընտրված ռեկտորը հայցադիմումներ են ներկայացրել Կառավարության, մյուս թեկնածուն՝ համալսարանի դեմ
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը և Կարինե Հարությունյանը առանձին հայցադիմումներով դատական գործընթաց են սկսել Կառավարության դեմ: Հունվարի 12-ին ներկայացրած հայցադիմումների պահանջը հետևյալն է՝ պարտավորեցնել Կառավարությանը «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ:
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Կարինե Հարությունյանը: Սակայն Կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները:
Թեկնածուները երկուսն էին՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը: Վերջինս Կ. Հարությունյանից 4 ձայն պակաս էր ստացել։
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էր: Նա թեև կողմ ձայնով հաստատել է ընտրության արդյունքները, սակայն մինչ օրս չի ստորագրել հոգաբարձուների խորհրդի՝ դեկտեմբերի 9-ի նիստի արձանագրությունը և ընտրության արդյունքների մասին որոշումը:
Ռեկտորի ընտրությանը հաջորդող առաջին աշխատանքային օրը հրաժարական է ներկայացրել ոչ միայն Համբարձում Մաթևոսյանը, այլև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Թեև նրանց հրաժարականի վերաբերյալ որևէ պատճառաբանություն չնշվեց, սակայն, ակնհայտ էր, որ կապված է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հետ:
Կառավարությունն իր գործողություններով ակնհայտ ցույց է տալիս, որ Կարինե Հարությունյանը ռեկտորի պաշտոնում ցանկալի անձ չէ: Պատճառ էր նաև այն, որ 2022թ․-ի հոկտեմբերի 12-ից դժգոհության ալիք էր բարձրացել համալսարանում: Պատճառը տեղեկությունն էր, որ համալսարանը միավորվելու է երկու այլ բուհի՝ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ: Բողոքի ակցիաներին մասնակցել է նաև այդ ժամանակ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Կարինե Հարությունյանը, ում վերընտրվելուն Կառավարությունը փաստացի դեմ եղավ:
Դեկտեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել Պետական վերահսկողության ծառայությունը՝ հայտնելով, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն, հայտնաբերվել են խախտումներ:
Մաթևոսյանի ու Դումանյանի հրաժարականներին հաջորդել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի լուծարումը: 2022 թ. դեկտեմբերի 30-ին ԿԳՄՍ նախարարը գրությամբ հայտնել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու մասին:
Արդեն դեկտեմբերի 26-ին հայտարարություն տարածվեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:
2023թ. հունվարի 23-ին համալսարանի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով պետական բոլոր կառույցներին դադարեցնել նման գործելաոճը, ինչը ստեղծում է արհեստական ճգնաժամ ու խոչընդոտում է բուհի բնականոն գործունեությանը, և հայտնում «իր անսասան աջակցությունը օրինականորեն ընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանին»:
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզ դարձավ, որ ռեկտորի թեկնածուներից Դավիթ Գյուրջինյանը ևս դատական գործընթաց է սկսել, սակայն այս դեպքում՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի դեմ: Դիմելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Դ. Գյուրջինյանը պահանջում է անվավեր ճանաչել և վերացնել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 9-ի արձանագրությունը: Սա այն արձանագրությունն է, որը վերաբերում է ռեկտորի ընտրության արդյունքներին:
Մեկնաբանել