2023թ․-ին կհիմնանորոգվի «Լամբադա» կամուրջը
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ 2023թ. կհիմնանորոգվի Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի «Լամբադա» կամուրջը։
«Նախորդ տարի համայնքային բյուջեից 137 մլն դրամ հատկացվեց Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմանը: Ծրագրում ընդգրկված էր «Լամբադա» կամրջի ստորգետնյա հատվածը:
«Ինչպես Երևանի մյուս ստորգետնյա անցումները, այս անցումը ևս ծառայում էր հիմնականում որպես սանհանգույց և ամբողջովին քայքայվել էր: Ջրահեռացման խնդիր ևս ունեինք»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
Հաշվի առնելով ծրագրի ծավալն ու խիտ երթևեկությունը՝ շինբարեկարգման աշխատանքները կազմակերպվեցին փուլ առ փուլ: Կամրջի վրա երթևեկությունը փակվում էր հատվածաբար, չորս տեղամասի բաժանված շինհրապարակում գործընթացն ընդգրկում էր մի շարք ուղղություններ:
«Առաջին փուլով վերանորոգվեց ստորգետնյա հետիոտնային անցումը՝ հիմնականում սալիկապատում էր, ջրահեռացում, լուսավորության կազմակերպում և սանհանգույցների կառուցում»,- նշում է Խորեն Գրիգորյանը:
«Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ - Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում համայնքը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ փոխվեց նաև երթևեկության կազմակերպումը: Հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն:
«Վերանորոգմանը զուգահեռ փոխվեց երթևեկության կազմակերպումը: Մինչ այդ տրանսպորտային հոսքերի մեծ կուտակումներ կային Կոմիտասի պողոտայի կողմից: Եթե նախկինում տրանսպորտային միջոցը հանգույց մտնելու և ազատելու համար պարտավոր էր երկու տեղում զիջել այլ տրանսպորտային միջոցի, ապա այժմ դա անում է ընդամենը մեկ անգամ: Այսպիսով բավականին թեթևացավ հոսքը Կոմիտասի պողոտայի կողմից»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
Կամուրջների սպասարկման ծրագրով որոշում է կայացվել ընթացիկ տարում հիմնանորոգել նաև բուն «Լամբադա» կամուրջը: Ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ կամուրջը ոչ միայն նորոգման, այլև ամրացման կարիք ունի:
«Նախատեսում ենք կամրջի ամրացում, հեծանների նորոգում կամ փոխարինում: Հիմնականում ջրահեռացման համակարգը հիմնանորոգելու կարիք կա: Ասֆալտի շերտը հանելուց հետո վերանորոգվելու են հեծանները, հետո կսկսվի ասֆալտապատումը»,- նշված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել