ՔԿ կենտրոնական մարմնում ձևավորվել է նոր ստորաբաժանում. կատարվել են կադրային նշանակումներ
Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից՝ հարկային և մաքսային օրենսդրություններում կատարված փոփոխություններից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ մեկնարկել է տնտեսական բնույթի և մաքսանենգության որոշ հանցագործություններով նախաքննության գործառույթը Պետական եկամուտների կոմիտեից Քննչական կոմիտեին փոխանցելու գործընթացը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքներ, որոնցից 50-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 5-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների, փոխանցվել են ՔԿ-ին։ Այդ պաշտոններն զբաղեցնողները շարունակում են պաշտոնավարել արդեն Քննչական կոմիտեի կազմում։
Ելնելով վերոգրյալից՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2023թ. հունվարի 3-ի համապատասխան հրամանով Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքում և հաստիքացուցակում ավելացել է նոր՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Վերջինս իր հերթին բաղկացած է 5՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ վարչություններից։
Քննչական կոմիտեի նախագահի՝ 2023թ. հունվարի 4-ի համապատասխան հրամաններով՝
- ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվել է Տիգրան Արամայիսի Հարությունյանը,
- ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել Հայկ Հրաչիկի Կատվալյանը,
- ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնում նշանակվել է Ռաֆայել Ռուբենի Ղամբարյանը,
- ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արթուր Արշակի Գևորգյանը,
- ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վազգեն Աշոտի Շահնազարյանը,
- ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վահան Գրիգորի Ամիրխանյանը,
- ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արտյոմ Միքայելի Խաչատրյանը։
Նույն հրամաններով վերջիններիս հարկային ծառայության դասային աստիճանները համապատասխանեցվել են Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճաններին:
Նույն ընթացակարգով նշանակումներ են կատարվել նաև նորաստեղծ վարչության ինքնավար (քննիչների) մյուս պաշտոններում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել