HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրգավետ բնակավայրի ղեկավարին կեղծ դիպլոմ ձեռք բերելու հանգամանքով մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում 2022թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու մի շարք հանգամանքներ:

«Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ն, իմանալով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Կ.Ա.Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի դիպլոմ: Այնուհետև այն փաստաթղթաշրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավարին և վերջինիս 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ նշանակվել ու մինչ օրս հանդիսանում է Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար:

Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Գ.Ս.-ն չի ուսանել բարձրագույն մասնագիտական կրթության «Մոսկվայի Կ.Ա.Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա» Դաշնային պետական կրթական հաստատությունում և նրա անձնական գործերում եղած՝ համապատասխան սերիայի դիպլոմ կոնկրետ գրանցման համարով նշված բուհի կողմից չի տրվել:

Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին միջնորդություն է ներկայացվել Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Դրա հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։

Որոշում է կայացվել Գ.Ս.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը, որն ուղարկվել է հսկող դատախազին՝ համաձայնություն ստանալու համար:

Գ.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter