
Դատապարտյալը հիվանդանոցից դուրս է գրվել և գիշերը մահացել՝ քրեակատարողական հիմնարկում
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 46-ամյա դատապարտյալ Արման Խ-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից:
Ծառայությունից նաև տեղեկացնում են, որ մեկ օր հիվանդանոցում մնալուց հետո դատապարտյալը դուրս է գրվել քաղաքացիական հիվանդանոցից և վերադարձվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին՝ Ժամը 01:10-ի սահմաններում, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Շտապօգնություն են կանչել, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ քննության առարկա է դարձել, թե ինչու է դատապարտյալը դուրս գրվել հիվանդանոցից: Սակայն նշեց, որ դուրս գրումից հետո նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»՝ վերահսկողության տակ մնալու նպատակով: Արման Խ-ն, ըստ Կամո Մանուկյանի, գրավոր հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուց: Գիշերն ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և արձանագրվել է կենսաբանական մահը:
Մեկնաբանել