HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անմշակ կամավոր ատեստավորումը ուսուցիչների վրդովմունքի պատճառ

Տեխնիկական ծուղակներ, երկիմաստ հարցեր, ծավալուն հանձնարարություններ ու քիչ ժամանակ. կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներն ու կրթության փորձագետները հենց այս խնդիրներ են թվարկում։ 

Մինչ կառավարությունը հայտարարում է, որ այս գործընթացի արդյունքում դպրոցներում կդասավանդեն առավել որակյալ մանկավարժներ ու ավելի բարձր վարձատրությամբ, իրենք ուսուցիչները չեն թաքցնում դժգոհությունները։ 

Արփինե Վարդանյանը Գեղարքունիքի մարզի միջնակարգ դպրոցներից մեկում հայոց լեզու է դասավանդում։ Նա առաջին փորձից է հաղթահարել ատեստավորումը։ Կարծում է՝ հիմնական դպրոցի ուսուցիչների համար հարցերը հաղթահարելի կլինեն միայն այն դեպքում, եթե դրանք առարկայական ծրագրերին համապատասխան լինեն, զերծ լինեն երկիմաստություններից և ծուղակներից։ Իհարկե, եթե ուսուցիչը լավ տիրապետի իր առարկային, մի փոքր էլ աշխատի իր վրա, կարող է հաղթահարել շեմը։

Ուսուցիչների ատեստավորումը, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս աշխատավարձի 30-50 տոկոսի հավելավճար ստանալ, մեկնարկել է անցած տարվանից։ 

Մեկ տարվա ընթացքում, սակայն, քննություն հանձնել է Հայաստանի 30 հազար ուսուցիչների մոտ 11 տոկոսը, ընդ որում՝ անցողիկ շեմը հաղթահարել է միայն 5 տոկոսը։ 

Ինչո՞ւ ի վերջո ուսուցիչների գերակշիռ մեծամասնությունը չի ցանկանում մասնակցել ատեստավորմանը ու ավելի բարձր վարձատրվել։ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում երաժշտություն դասավանդող միակ ուսուցիչը, որ չցանկացավ ներկայանալ, ասում է՝ իրեն հետ է պահել թիրախավորվելու և քննադատվելու մտավախությունը։ Թեև երգչախումբ է ղեկավարում, մասնակցել է մի շարք մրցույթների և փառատոնների ու մրցանակներ ստացել, բայց գործընկերների, աշակերտների, ինչպես նաև ծնողների կողմից թիրախավորման վախ ունի, եթե չհաղթահարի քննությունը։ Կարծում է՝ եթե մասնակիցների գաղտնիությունը հնարավոր լիներ պահպանել, սիրով կմասնակցեր, առանց ավելորդ մտավախությունների։ 

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ ուսուցիչներն իսկապես կաշկանդվում են, իրենց պարզապես չեն պատկերացնում աշակերտի, ուսանողի դերում, որն առաջադրանք է լրացնում, նրանք արդեն անցել են այդ փուլը:

«Բացի այդ նրանք չեն գնահատվում որպես ուսուցիչ, իսկ ուսուցիչ լինել չի նշանակում խնդիրները լավ լուծել և վերջ։ Ուսուցիչ լինել նախ և առաջ նշանակում է տիրապետել հմտություններին գիտելիքը պատշաճ կերպով փոխանցելու սերունդներին: Այս հմտությունը չի գնահատվում կամավոր ատեստավորման թեստերի միջոցով»,-ասում է Ատոմ Մխիթարյանը:

Մեկ այլ խնդրի, որ բախվել են մանկավարժները, քննությունների ժամկետների հետ կապված անորոշությունն է։ Հայոց լեզվի ուսուցիչ Քնարկի Առաքելյանը շեշտում է՝ ըստ նախնական հայտարարության՝ ատեստավորումը պետք է լիներ հոկտեմբերին, բայց ավելի շուտ անցկացվեց՝ սեպտեմբերին, հետևաբար պատրաստվելու ժամկետը կրճատվեց։ 

Ուսուցիչներին ատեստավորող ԳԹԿ-ն յուրաքանչյուր քննությունից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ 

Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի միջնակարգ դպրոցի հայոց պատմության ուսուցիչ Սարգիս Ավագյանը, ով անցած տարի մասնակցել էր կամավոր ատեստավորմանը, սխալ է համարում, որ ուղեցույցը միայն 20 աշխատանքային օր առաջ է հրապարակվում, ավելի լավ կլիներ, եթե դրանք հրապարակվեին 3 ամիս առաջ, որպեսզի ուսուցիչները ժամանակ ունենան մյուս հոսքերի գրքերն ուսումնասիրելու։ 

Պատմության ուսուցիչը պարզաբանեց, որ հարցերը կազմվում են 10-ը, 11 և 12-րդ դասարաների դասագրքերից, այդ դասարանների դասագրքերը լինում են երկու խմբի՝ հումանիտար և բնագիատամաթեմատիկական հոսքերի։ Դպրոցների մեծամանսությունը անցնում են բնագիտամաթեմատիկական հոսքերով։ Անցած տարի ուսուցիչները գնացել, հանդիպել են հումանիտար հոսքի դասագրքերից հարցերի, որի մասին տեղյակ չէր պահվել։ Սակայն այս տարի ուղեցույցներում նշված է եղել, որ հարցերը կազմվելու են Հայոց պատմության հումանիտար հոսքի դասագրքերից, իսկ Համաշխարհային պատմությունը՝ բնագիտական․ -«Այս անգամ իրենց սխալը ուղղեցին, նախօրոք տեղյակ պահեցին»,- հավելեց պատմության ուսուցիչը։

Ուսուցիչների ատեստավորումը նաև հաջորդ տարի կշարունակվի, եթե մինչ այժմ դրան կարող էին մասնակցել 5-12-րդ դասարաններում դասավանդողները, ապա 2023-ից աստեստավորում կարող են անցնել նաև 1-4-րդ դասարաններում դասավանդող մանկավարժները։ Ի դեպ, արդեն կան ուսուցիչների կրկնուսույցներ, ովքեր բավականին մատչելի գներով պարապում են ուսուցիչների հետ։ 

Աննա Արզումանյան

Անահիտ Ամիրխանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter