HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիայի կառավարությունը 92 հզր դոլար կհատկացնի Բերդ քաղաքում խոցելի խմբերի համար սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման նպատակով

Ճապոնիայի կառավարությունը 92 հազար դոլար կհատկացնի Բերդ քաղաքում խոցելի խմբերի համար սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման նպատակով, ևս 71 հազար դոլար կտրամադրվի՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնի և ապաստարանների բարեկարգման համար։ Այս նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակցությամբ՝ ստորագրվել է դրամաշնորհային ծրագրի երկու պայմանագիր՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Պահապան» զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Կանանց աջակցման կենտրոնի» միջև։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի դեսպանությանն ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված արդյունավետ ծրագրերի իրականացման համար։ Նախարարի տեղակալը նշել է, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց՝ հատկապես երեխաների զարգացման համար պատշաճ միջավայրի ապահովումն ԱՍՀՆ առաջնահերթություններից է, և նախարարությունը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծման ու զարգացման պատասխանատու, շարունակական աշխատանքներ կիրականացնի այս ուղղությամբ ևս։

«Ուրախ ենք, որ Ճապոնիայի կառավարության ուշադրության կենտրոնում  նաև խոցելի խմբերի, մասնավորապես՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությանն ու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացումն է։ Կարծում եմ՝ ջանքերի համախմբումն ու մեկտեղումը ևս մեկ քայլ առաջ կլինի այս կարևոր գործընթացում»,- նշել է Տ Ստեփանյանը։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս, կարևորելով նախարարության հետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ նախատեսված ծրագրերը հաջող ընթացք կունենան և ցանկալի արդյունք կգրանցեն

«Բերդ քաղաքում սոցիալ-կրթական կենտրոնի կառուցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը նպատակ ունի նպաստել խոցելի խմբերի կյանքի որակի բարձրացմանն ու տնտեսական անկախությանը։ Մյուս ծրագրի շրջանակում կվերանորոգվեն ու կահույքով կապահովվեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարաններն ու աջակցության կենտրոնը, ինչը հնարավորություն կստեղծի բարելավել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների կենսամիջավայրն ու ապահովել անվտանգությունը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter