
Հայաստանի ընտրանին տարին փակում է 95-րդ հորիզոնականում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման 2022 թ. վերջին վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին հոկտեմբեր ամսվա համեմատ նահանջել է 2 հորիզոնական եւ հիմա 95-րդն է 1232 վարկանիշային միավորով:
211 ընտրանուց կազմված համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բրազիլիան, որին հաջորդում են աշխարհի չեմպիոն դարձած Արգենտինան, փոխչեմպիոն Ֆրանսիան, ապա՝ Բելգիան, Անգլիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան։
«Եվրո-2024»-ի ընտրական փուլում Հայաստանի առաջիկա մրցակիցներից ամենաբարձր ցուցանիշն ունեն աշխարհի բրոնզե մեդալակիր խորվաթները, որոնք ներկայում 7-րդն են, Ուելսը 28-րդն է, Թուրքիան՝ 44-րդը, Լատվիան՝ 133-րդը:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 26-րդն է, Ռուսաստանը, որը զրկված է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, 37-րդն է, Ուզբեկստանը՝ 77-րդը, Վրաստանը՝ 78-րդը, Ղրղզստանը՝ 94-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։
Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 24-րդն է, Թուրքիան ու Վրաստանը, ինչպես ասվեց, 44-րդ եւ 78-րդ տեղերում են, իսկ Ադրբեջանը՝ 121-րդ։
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել