HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Կարող ա տեսնենք շենքեր, որոնց տանիքին ևս մի փոքրիկ շենք է կառուցված»․ համայնքի ղեկավարը կլիազորվի քանդել շենքերի ինքնակամ շինությունները

Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում կնախատեսվի նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և դրանց քանդման ապահովումը: Ինքնակամ շինարարության կանխարգելման և քանդման լիազորություն կտրվի նաև համայնքի ղեկավարին: Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում։

Նախագիծը ներկայացնող ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց՝ եղել և շարունակում են լինել դեպքեր, երբ ոչ համայնքային հողերի, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, երբ սեփականատերերը բնակիչներն են, նկուղային հատվածներում, տանիքներում իրականացվում են ապօրինի շինարարություններ։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ քաղաքապետարանը, մանավանդ վերջին շրջանում ավելի ակտիվ է իրականացնում բազմաթիվ քանդման և մաքրման աշխատանքներ։

«Մինչ օրս ունենք օրինակներ, երբ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանիքներին, մանսարդային հատվածներում։ Կարող ա տեսնենք շենքեր, որոնց տանիքին ևս մի փոքրիկ շենք է կառուցված, տուն է կառուցված։

Լիազորությունների առումով համայնքի ղեկավարների անելիքները բավական սահմանափակ են եղել։ Այդ կառույցները հաճախ իրականացվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման, և իրականում անմիջական վտանգ են պարունակում հենց կառույց իրականացնողի և շենքի բնակիչների համար»,- նշեց Ավինյանը։

Ըստ նրա՝ առաջարկվում են կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։

«Ոչ միայն անճոռնի են լինում այդ կառույցները, այլև պոտենցիալ վտանգ ստեղծում շենքի բոլոր բնակիչների համար»,- ասաց փոխքաղաքապետը։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ տեղեկացրեց՝ ՀՀ-ում հաշվառված է 24 000 ինքնակամ կառույց։ Ըստ Թովմասյանի՝ օրական շուրջ 200 կառույց է մուտք արվում համակարգ՝ հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցների հաշվառելու ժամանակը մինչև դեկտեմբերի 31-ն է։ Դրանից հետո այլևս հնարավոր չի լինի օրինականացնել ինքնակամ կառույցը։

Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ 200-ի շուրջ 80%-ը Երևանում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter