
Էջմիածնի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության նախկին պետ Նորիկ Միրզախանյանը, որը պաշտոնաթող գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մտերիմներից էր, անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով: Նա Էջմիածնի քաղաքապետարանում աշխատել է այն ժամանակ, երբ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետն էր:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Նորիկ Միրզախանյանը, վերջինիս կինն ու որդին հրավիրվել են վարչություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար:
Նորիկ Միրզախանյանի կինը՝ Արմինե Խուդոյանը, զբաղեցնում էր Էջմիածնի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետի պաշտոնը: Էջմիածին համայնքի ղեկավարի՝ այն ժամանակ դեռևս պաշտոնակատար Դիանա Գասպարյանը իշխանափոխությունից հետո՝ 2018թ. օգոստոսի 1-ին, աշխատանքից ազատել էր Խուդոյանին: Վերջինիս և որդու անվամբ հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:
Նշենք, որ այս փուլում գլխավոր դատախազությունը տեղեկություններ չի տրամադրում բռնագանձման ենթակա գույքի ցանկի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձանց ներկայացրած ապացույցների, դիրքորոշումների հիման վրա ցանկում կարող է փոփոխություն լինել:
Մեկնաբանել