
Ուսուցիչները բարձր են գնահատում աշակերտներին. Արմավիրի մարզպետարանը մշտադիտարկում է իրականացրել
Այսօր Արմավիրի մարզպետարանի շենքում մարզխորհրդի տարեվերջյան նիստն էր: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կատարված աշխատանքների վերաբերյալ, ըստ ոլորտների, հաշվետվություն ներկայացրեց:
Անդրադառնալով կրթության ոլորտին Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ մարզպետարանի ենթակայությամբ գործող 111 հանրակրթական ուսումնական հաստատություններից 17-ում մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը 2022թ. իրականացրել է մշտադիտարկման աշխատանքներ:
Աշխատանքային խումբն ուսումնասիրել է դպրոցի բնականոն գործունեության, ուսումնական և դաստիարակչական աշխատանքերի կազմակերպումը:
Մշտադիտարկման ընթացքում դպրոցների տարբեր դասարաններում տրվել են գրավոր աշխատանքներ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից` մարզում նշված առարկաների ուսուցման որակի վերաբերյալ ընդհանրական պատկերացում կազմելու նպատակով:
Մարզպետին չի գոհացրել ստեղծված պատկերը: Նրա խոսքերով՝ ուսուցիչները չհիմնավորված բարձր գնահատականներ են նշանակում աշակերտներին, մինչդեռ նրանց ունեցած գիտելիքները ցածր են եղել:
Մեկ կիսամյակ անց նույն եղանակով վերահսկողություն է իրականացվել: Վիճակը փոքր-ինչ բարելավվել է, սակայն վերջին նախազգուշացումն է հայտարարվել նման դեպքեր արձանագրված դպրոցի տնօրեններին:
«Պատկերավոր ասեմ, 20-30 տարի դպրոցի տնօրեն աշխատած անձը նորից է ուզում տնօրեն դառնալ և ներկայացրել է զարգացման ծրագիր: Դուք պետք է տեսնեք, թե ինչեր է գրված այդ զարգացման ծրագրում: Ինչ նպատակներ, երազանքներ: Այսինքն՝ մարդը, որ չի կարողացել 30 տարվա ընթացքում զարգացնել դպրոցը, այլ հակառակը՝ հետ է գնացել, հիմա ասում է, որ գալու է որակը բարձրացնելու: Այս տրամաբանությամբ ուշադրություն է դարձվում դպրոցի որակին»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը, հավելելով, որ մարզի հանրակրթական դպրոցներում մշտադիտարկման և կազմակերպության գործունեության վերահսկողության աշխատանքները կշարունակվեն նաև 2023թ. ընթացքում:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն ասաց, որ մտահոգիչ են եղել հատկապես «Մաթեմատիկա» առարկայի ստուգման արդյունքները:
«Ուսումնական գործընթացի կազմակերպման առավել ակնհայտ թերացումներից է, որ դպրոցների մանկավարժական խորհուրդների և առարկայական մեթոդական միավորումների աշխատանքին շատ քիչ մաս է հատկացված: Իսկ որոշ դպրոցների դեպքում բացակայում է կրթության որակի պարբերական ուսումնասիրությունը: Սահմանված չեն այդ ուղղությամբ նախատեսվող գործողությունների ու աշխատանքի ուղղությունները»,- ավելացրեց Սոնյա Բուդաղյանը:
Նշենք, որ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործում է 111 հանրակրթական ուսումնական հաստատություն, որից հիմնական դպրոց` 20, միջնակարգ դպրոց` 91։
Էդվարդ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող 111 ուսումնական հաստատությունների` 2022թ. պարտադիր ատեստավորման ենթակա 851 ուսուցիչներ վերապատրաստվել են: 2021թ. վերապատրաստվել և ատեստավորվել է 561-ը:
Այս տարի 64 ուսուցիչ մասնակցել է կամավոր ատեստավորմանը և ընդգրկվել հավելավճարների տրամադրման ծրագրում:
Մեկնաբանել