
«Հետքի» լրագրողը չի վիրավորել և չի զրպարտել Լեռնապատի գյուղապետին
Ստացվել է Լեռնապատի գյուղապետն ընդդեմ «Հետքի» լրագրողի գործով մայիսի 29-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի կայացրած վճիռը, որով մերժվել է լրագրողի դեմ հայցը:
Անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը, հիմք ընդունելով «Հետք» թերթում լրագրող Ադրինե Թորոսյանի տպագրած մի հոդվածը, վիրավորանքի և զրպարտության հիմքով հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ լրագրողի`թերթին ներգրավելով որպես երրորդ անձ: Գյուղապետը պահանջում էր նույն թերթով հրապարակայնորեն հերքել հոդվածում իր կողմից զրպարտություն որակված փաստացի տվյալները, վիրավորելու համար ներողություն խնդրել իրենից և լրագրողից հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Նախնական դատական նիստին, փոփոխելով 1 միլիոնի դրամական պահանջը, դարձրեց 1 լումա: Գյուղապետը կանխավ պատրաստել և դատարանին էր ներկայացրել նաև ներողության տեքստ, որը լրագրողի անունից ցանկանում էր տպագրել տալ «Հետք» թերթում:
Ողջ դատավարության ընթացքում Վանո Եղիազարյանը պնդեց, որ լրագրողը կանխամտածված է ընտրել հոդվածի վերնագիրը`«Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն», որով զրպարտել է իրեն: Միաժամանակ նույն վերնագիրը նա վիրավորանք էր դիտում`հիմնավորելով. «Իբրև վերնագիր ընտրված հրապարակային արտահայտությունը հիմնված չէ ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված չէ գերակա հանրային շահով, ուստի համարվում է վիրավորանք»:
Հոդվածից հետևյալ մեջբերումն էլ`«Արտահայտություններից մեկն էլ`«Մենք ուզում ենք իմանալ`ըդտեղ արածողը Սամվե±լն ա լինելու, գյուղապե±տը, թե± ավագանին», գյուղապետ Վ. Եղիազարյանը որակել է վիրավորական`չնայած ինքը` գյուղապետը, նշված արտահայտությունը հայցադիմումում որպես հիմք բերելով, ընդգծել է, որ այն որպես հռետորական հարց է տրված», Վ. Եղիազարյանը վիրավորական էր համարում հետևյալ հիմնավորմամբ. «Ընդգծված արտահայտությունից և հատկապես որակել բառից պարզ է դառնում, որ լրագրողը համաձայն չէ, որ այն վիրավորանք է, որն ինքնին վիրավորական է»:
Գյուղապետի համար «ինքնին վիրավորական» էր նաև լրագրողի կողմից իր գործունեության մասին գյուղի բնակչի կարծիքը մեջբերելը, որի վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
Պնդում էր, որ «հրապարակվել են փաստացի այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում օբյեկտիվ իրականությանը, կրում են իրենց մեջ արատավորող որակ`նվազեցնելով հասարակության լայն շրջանակներում իր`որպես անձի, գիտնականի և քաղաքական գործչի մասին ստեղծված օբյեկտիվ կարծիքը»: Զրպարտություն էր դիտում մասնավորապես հետևյալ արտահայտությունը. «Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ. Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար`2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Դատավոր Վ. Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով»`ասելով, թե ինքը գումարային պահանջ չի ներկայացրել համագյուղացուն: Ըստ նրա`լրագրողն իրեն զրպարտել էր նաև հետևյալ տեղեկությամբ. «…չնայած ինքը`գյուղապետը, նշված արտահյատությունը հայցադիմումում որպես հիմք բերելով, ընդգծել է, որ այն որպես հռետորական հարց է տրված», քանի որ, իր ասելով, հայցադիմումի մեջ նման բան չկա:
Դատարանի վճռով, սակայն, «Հետքի» լրագրողի հրապարակած տեղեկությունները զրպարտիչ և վիրավորական չեն: Իր իրավական վերլուծություններում դատավոր Հովնանյանը վկայակոչել է երկու քաղաքացիական գործերով Վճռաբեկ դատարանի հրապարակած նախադեպային որոշումներ`Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի մեկնաբանությամբ: Գյուղապետի կողմից վիճարկվող արտահայտությունները քննարկելով այդ որոշումների համատեքստում`դատավոր Հովնանյանը հանգել է հետևության, որ հոդվածի վերնագիրը զրպարտություն չէ, քանի որ այն չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ. այն վերացական է և չի ներկայացնում գյուղապետի անձի վերաբերյալ փաստացի տվյալներ: Նշված վերնագիրն իրականում չի արատավորում և չի էլ կարող արատավորել գյուղապետի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Դատարանն արձանագրել է` իրականությանը համապատասխանում է լրագրողի հրապարակած տեղեկությունը, որ իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետն իր գյուղի բնակչից 1 միլիոն դրամ էր պահանջում, իսկ զրպարտության համար`2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Միաժամանակ դատարանը նշել է, որ գյուղապետը, որպես քաղաքացիական գործով հայցվոր, նշված պահանջով երկու անգամ է դիմել դատարան: «Անգամ նման հանգամանքից ելնելով`պատասխանողի (լրագրողի) մոտ կարող էր կարծիք ձևավորվել, որ հայցվորն ինքը (գյուղապետը) ևս իր հասցեին կատարված արտահայտության համար պատասխանատվության ողջամիտ չափ, ի թիվս այլ միջոցների, համարել է նաև նշված չափով գումարի բռնագանձման հնարավորությունը»,-վճռի մեջ նշել է դատավոր Հովնանյանը:
Գյուղապետի մատնանշած մյուս արտահայտության վերաբերյալ, ըստ որի`որակել բառով լրագրողն անհամաձայնություն է հայտնել գյուղապետի կողմից արտահայտությունը վիրավորանք դիտելու կապակցությամբ, դատավորը նշել է, որ որևէ հարցի կապակցությամբ լրագրողի չհամաձայնվելը գյուղապետի հետ չի կարող դիտվել վերջինիս ուղղված վիրավորանք, քանի որ լրագրողն ընդամենը լուսաբանել է դատարանում քննված գործը`դրա վերաբերյալ տեղեկացնելով հասարակությանը: Տվյալ դեպքում դատավորը վկայակոչել է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ և ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածները, որոնցով ամրագրված են խոսքի, սեփական կարծիքի արտահայտման, տեղեկություններ, գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունները:
Ինչ վերաբերում է լրագրողի կողմից «հռետորական» հարցի ձևակերպման հետ կապված մտքին, դատավորը նշել է, որ չնայած այն չի եղել հայցադիմումում, սակայն արտահայտվել է գյուղապետի կողմից դատարանում տված ցուցմունքի մեջ, որն էլ արձանագրվել է դատական ակտի համապատասխան հատվածում:
Այսպիսով`դատավոր Հովնանյանը գյուղապետի հայցադիմումը վիրավորանքի և զրպարտության մասով մերժել է, իսկ հայցադիմումով ներկայացված`գումարի բռնագանձման մասով`կարճել գործի վարույթը, քանի որ հայցվորը հրաժարվել է գումարային պահանջից: Տվյալ դեպքում էլ վկայակոչվել է Քաղ. դատ. օր.-ի 109-րդ հոդվածի 6-րդ կետը, համաձայն որի`դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Հայցադիմումի մասնակի մերժման և գործի վարույթը գումարային պահանջի մասով կարճման պայմաններում դատավորը, հաշվի առնելով, որ հայցվորը վճարել է պետտուրքի գումարը, դատական ծախսերի հարցը համարել է լուծված: Նաև վճռով ամրագրել է Վ. Եղիազարյանից հօգուտ Ադրինե Թորոսյանի բռնագանձել 150 000 դրամ`որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել