HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Տեսչականի պաշտոնյայի կինն ու եղբայրը 3 մլն դրամով տուգանվել են

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնյայի կինն ու եղբայրն ապօրինի ձկնաբուծարան կառուցելու համար 3 միլիոն դրամով տուգանվել են։ Որոշումը կայացրել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Համայնքի ղեկավարի մեկ այլ որոշմամբ էլ վարչապետի ենթակայությամբ գործող տեսչական մարմնի պաշտոնյայի եղբայրը պետք է համայնքային հողում ապօրինի կառուցած պարիսպը քանդի։

Այս պատմությունը սկիզբ է առել «Հետք»-ի հրապարակումից: Մենք բացահայտել էինք, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Արմեն Լաբլաջյանի կնոջ և եղբոր ապօրինությունները։ Նրանք Արարատի մարզի Հայանիստ գյուղում մի շարք քաղաքացիների պատկանող հողամասերը զավթել են, դրանց տեղում ապօրինի ձկնաբուծարան կառուցել, հետո դատական կարգով տիրացել մարդկանց հողերին (գործընթացը չի դադարել)։ Դրան զուգահեռ, պաշտոնյայի եղբայրը՝ Սամվել Լաբլաջյանը, պարսպապատել էր ինչպես քաղաքացիներին պատկանած հողերը, այնպես էլ՝ Մասիսի համայնքի սեփականությունը համարվող դաշտամիջյան ճանապարհը։

Մեր գրավոր հարցումից հետո, որտեղ ներկայացրել էինք վերը նշված փաստերը, Մասիսի քաղաքապետարանը վարչական վարույթ էր նախաձեռնել։ Վարչարարության արդյունքում համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը 3 որոշում է ընդունել։

Առաջին որոշմամբ համայնքի ղեկավարը վարչական պատասխանատվության է ենթարկել տեսչականի պաշտոնյայի եղբորը՝ Սամվել Լաբլաջյանին, այն բանի համար, որ սեփականությամբ իրեն պատկանող գյուղատնտեսական վարելահողերը ոչ նպատակային է օգտագործել։ Վարչական տույժը կազմել է 1 միլիոն 600 հազար դրամ։

Երկրորդ որոշմամբ Մասիսի համայնքապետը նույն հիմքով 1 միլիոն 400 հազար դրամ տուգանք է նշանակել արդեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Արման Լաբլաջյանի կնոջը՝ Սոնա Նիկոլյանին։ 

Մասիս համայնքի ղեկավարի երրորդ որոշմամբ Սամվել Լաբլաջյանը պարտավոր է Մասիս համայնքի Հայանիստ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցած պարիսպը 15-օրյա ժամկետում քանդել և տարածքը բերել նախնական տեսքի:

Ավելի վաղ գրել էինք, որ

Դեկտեմբերի 13-ին էլ հայտնի դարձավ, որ «Սամվել Լաբլաջյան» ԱՁ-ին պատկանող ձկնաբուծարանում 58 տոննա ձուկ է սատկել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարեց, որ ձկնաբուծարանում ստուգումներ են արել և մի շարք խախտումներ հայտնաբերել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter