Կաշառք ստանալու համար Արաբկիրի քննչական բաժնի քննիչ է կալանավորվել
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ կաշառք ստանալու դեպք է բացահայտել։
Ըստ հաղորագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա.Լ-ն, իր լիազորությունների սահմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված կարգով նախաձեռնելով քրեական վարույթ և ձեռնամուխ լինելով նախաքննությանը, նույն քրեական վարույթով առերևույթ հանցավոր արարք կատարած անձի օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նրան չձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար քաղաքացուց 2022 թվականի նոյեմբերի 1-ին պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Վերջինիս մայրը, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իր ծանոթներից պարտքով վերցնելով 1.000.000 ՀՀ դրամ գումար, 2022 թվականի նոյեմբերի 4-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 29 հասցեում գործող «KFC» արագ սննդի կետի հետնամասում գտնվող այգում այն անձամբ փոխանցել է քննիչին, այնուհետև 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպես վարկային միջոց, ստանալով 1.000.000 ՀՀ դրամ գումար, նույն օրը Երևան քաղաքի վերոնշյալ վայրում, այն անձամբ կրկին տվել է հիշյալ քննիչին՝ որդու օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու համար, իսկ պահանջված կաշառքի մնացած 3.000.000 ՀՀ դրամը պայմանավորվել են փոխանցել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը:
Դեպքի առթիվ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2022 թվականի դեկտեմբերի 13-ին, գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքում, նախապես քիմիական համապատասխան միջոցներով մշակված 2.000.000 ՀՀ դրամ գումարը, որպես պահանջված կաշառքի մաս, Երևան քաղաքի կրկին նույն վայրում, քաղաքացին անձամբ փոխանցել է քննիչին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել ստացված 2.000.000 ՀՀ դրամ կաշառք գումարը:
Ա.Լ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել