
Փաշինյանը ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով նախարարության գործունեությանը և առաջնահերթություններին, նշել է հետևյալը.
«Երբ մենք ստեղծում էինք նախարարություն այս կառուցվածքով, այն ժամանակ, բնականաբար, տարբեր կարծիքներ կային, և հոռետեսություն կար: Աշխատանքի արդյունքում ես համոզվել եմ, որ նախարարության այս կառուցվածքը ճշգրիտ համապատասխանում է այն տեսլականին և նպատակադրմանը, որը մեր առաջ ունենք: Տարբեր կոմպրոմիսների արդյունքում մենք նախարարության անունը դրեցինք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բայց իմ ընկալումն այն է, որ այս նախարարությունը երկրի բովանդակության նախարարությունն է, և սրանում ամենևին որևէ չափազանցություն չկա: Իսկապես, ապագայի նախագծման ամենամեծ առաքելությունը ես կապում եմ հենց այս նախարարության հետ: Շատ է խոսվում այն մասին, որ տարբեր երկրներում կան, օրինակ՝ ապագայի նախարարություններ, շատ գործընկերներ կամ նույնիսկ փորձագետներ ասում են՝ գուցե մենք էլ պետք է ապագայի նախարարություն ստեղծենք: Իմ կարծիքով՝ մենք վաղուց ստեղծել ենք ապագայի նախարարություն, որովհետև ապագան չի կարող լինել առանց կրթության ոլորտում ֆունդամենտալ ներդրումների և փոփոխությունների, բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների:
Մեր տրամադրվածությունն այն է, որ այս ոլորտի համար որևէ միջոց չպետք է խնայենք: Իհարկե, մեր երկրում ռեսուրսները և միջոցները սահմանափակ են, պարզ է, որ օպերատիվ առաջնահերթությունները բազմաթիվ են, բայց ես ուրախ եմ, որ մենք քաղաքական կամք են դրսևորել, այսպիսի մեծ նախագծեր ենք իրականացնում և պիտի դեռ իրականացնենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում՝ համարելով, որ դա ամենակարևոր ներդրումն է ապագայի մեջ: Դուք ընդհանուր նշեցիք ծրագրերը, պարոն Դումանյան. մենք ահռելի չափով մեծացրել են գիտության ֆինանսավորումը, աշխատավարձերի բարձրացում ենք իրականացրել, նաև դրամաշնորհային ծրագրերի համակարգ ենք ներդրել, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որն ինձ համար ամենառազմավարական ծրագրերից է: Այս փուլում պիտի աշխատենք՝ անհատապես, բոլորին ներկայացնենք, խնդրենք, օգնենք, աջակցենք, որպեսզի նրանք էլ քաջալերվեն և այս ծրագրերից օգտվեն, որովհետև, ի վերջո, դա միայն թղթին տալու համար չէ: Դա իրական կյանք պետք է դառնա, որը պետք է ազդեցություն ունենա մեր երեխաների կրթական իրավունքի վրա, և հետագայում երկրի սոցիալ-տնտեսական և բոլոր ոլորտների զարգացման վրա:
Ուզում եմ ընդգծել 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման ուղղությամբ աշխատանքը: Դպրոց ասելով նկատի ունենք 3 պարտադիր բաղադրիչ, որոնք անբաժանելի են՝ ֆիզիկական ենթակառուցվածք, բովանդակային ենթակառուցվածք և մասնագիտական ներուժ: Այսօր այս 3 ուղղությամբ մեր աշխատանքի հայեցակարգային և ռազմավարական պլանավորումն ամբողջական իրականացված է, մնում է լծվել գործի, որ ամեն տարի մենք մինչև 2026 թվականը, 300 ասում եմ, նույնիսկ ավելին կարողանանք իրականացնել», -ասել է վարչապետը՝ կարևորելով նաև գյուղական բնակավայրերում կրթահամալիրների կառուցման ծրագիրը:
Մեկնաբանել