Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայում
Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյին, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլային և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլային։ Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։
«Հանդիպումների ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումն և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել զրուցակիցներին հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով:
Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար պարոն Պեկկա Հաավիստոն արտահայտել է իր երկրի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը՝ այդ թվում նաև ԵԱՀԿ շրջանակներում:
Զրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը»,- ասվում է ԱԽ գրասենյակի հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել