HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյան․ «Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են բացահայտ սադրիչ տեսանյութեր, հրահրում թշնամանք»

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին։ Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է հետևյալը․

«Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեպքի վայրից իրականացնում են լիարժեք նկարահանումներ, այդ թվում` ուղիղ հեռարձակման միջոցով:  Հայկական ԶԼՄ-ները լուսաբանման որևէ հնարավորություն չունեն, նրանց չի թույլատրվում անգամ մոտենալ դեպքի վայրին:

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են բացահայտ սադրիչ տեսանյութեր, հրահրում են թշնամանք, տարածում են կեղծ տեղեկություններ:

Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա ադրբեջանական իշխանությունների նախապես ծրագրած քայլերից է, որով նպատակ ունեն տեղեկատվական դաշտը լցնել միայն իրենց անհրաժեշտ, միակողմանի ինֆորմացիայով։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրահանգավորվում են ադրբեջանական իշխանությունների կողմից և հանդիսանում են նրանց անուղղակի խոսափողը։ Իսկ տեղում գտնվող լրատվամիջոցները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից:

Միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը, գազամատակարարումը դադարեցնելն Արցախը հայաթափելու, 120,000 մարդու մեկուսացման մեջ թողնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter