Կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինաշխատանքները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը՝ մասնակցելու Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին:
Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարևան և լավ բարեկամ Իրանի հետ:
Երկուստեք ողջունելով Հայաստանի և Իրանի միջև վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների աճը և ընդգծելով այն ավելի մեծացնելու առկա ներուժը՝ զրուցակիցները հույս են հայտնել, որ հատկապես էներգետիկայի բնագավառի առանցքային նախագծերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին:
Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը և Մաջիդ Նամջուն բարձր են գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը նախատեսված է մոտակա օրերին անցկացնել Երևանում: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել