HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները դեկտեմբերի 1-ին Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հոգեբուժական կազմակերպությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև՝ հաստատությունում պահվող պացիենտներին առնչվող փաստաթղթերը: 

Հատուկ ուշադրություն է դարձվել նորաստեղծ մանկական բաժանմունքում երեխաների պահման պայմաններին և երեխաների նկատմամբ զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերին:

Մշտադիտարկման այցի ընթացքում հոգեբուժական կազմակերպությունում կորոնավիրուսային (COVID-19) վարակի հաստատված դեպքի արձանագրմամբ պայմանավորված՝ Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքների մեթոդաբանությունը տեղում փոփոխվել է, աշխատանքներն իրականացվել են համաճարակային կանոնները պահպանելու հատուկ ընթացակարգով: Ստուգվել են կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և այլն:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկներ և հոգեբան, այն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):

Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները.

  • կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ, առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
  • տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեցող անձանց պահանջմունքներին համապատասխան հարմարեցված ֆիզիկական միջավայրի բացակայություն,
  • բժշկական փաստաթղթերի վարման հետ կապված խախտումներ կամ այդ փաստաթղթերի ոչ պատշաճ վարում,
  • հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ,
  • հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ, որոնք ողջ երկրում ունեն համակարգային բնույթ և շարունակ լուծում չեն ստանում՝ հանգեցնելով մարդու սահմանադրական իրավունքների կոպիտ խախտումների,
  • այլընտրանքային, ոչ դեղորայքային բուժման մեթոդների կիրառման բացակայություն,
  • կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման տեսանկյունից արձանագրվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հոգեբուժական կազմակերպություն այցելուների մուտքի ժամանակ պաշտպանիչ միջոցների կիրառման, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման և այլն,
  • երեխաների համար նախատեսված բաժանմունքում՝ զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ, 
  • տարբեր սեռի երեխաներին նույն հիվանդասենյակում պահելու հետ կապված խնդիր,
  • կանանց բաժանմունքում՝ հեռախոսակապի հասանելիության խնդիր,
  • հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներ և այլ։

Ողջունելի է հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման նոր մեխանիզմների ներդրումը, որը նպաստել է նրանց աշխատավարձի բարձրացմանը, սակայն դեռևս պետք է քայլեր ձեռնարկել հոգեբույժների թափուր հաստիքները համալրելու ուղղությամբ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների, կարողությունների և հմտությունների զարգացման ուղղությամբ:

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:

Մշտադիտարկման այցի ընթացքում հոգեբուժական կազմակերպության տնօրինությունն ու բժշկական անձնակազմը ակտիվ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ և աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter