
Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել էր։
Լուսանկարը՝ Արցախի տեղեկատվական շտաբի
Մեկնաբանել