HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խաղադրույքներն աճում են. 2022թ-ի առաջին 9 ամիսների տվյալներով 4.2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել

Կառավարությունը «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսում է ավելացնել ինտերնետ շահումով խաղի, տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների հարկային բեռը: Առաջարկվում է լիցենզիայի համար նախատեսված  պետական տուրքից բացի նախատեսել խաղադրույքներ ընդունելու իրավունքի ձեռք բերման համար տուրք: Խորհրդարանում փաթեթը ներկայացնում է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) կազմակերպումը համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք: Բացի այդ, ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը 2021թ. հունվարի 1-ից, իսկ տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի գործունեությունը 2020թ. հունվարի 1-ից սկսել են հարկվել շահութահարկով: Սակայն, ըստ փոխնախարարի՝ ոլորտի կողմից վճարվող հարկերը և տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի եւ ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ: Մյուս կողմից, կատարված խաղադրույքների ծավալների աճը մտահոգիչ է, և անհրաժեշտ է տարբեր գործիքներով, այդ թվում՝ հարկային, զսպել խաղադրույքների կատարումը:

Արման Պողոսյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ եթե 2017թ-ին խաղադրույքների ծավալը կազմել է 140 մլրդ դրամ, 2018-ին՝ 330 մլրդ դրամ, 2019թ-ին այն հատել է 1 տրիլիոնի շեմը՝ կազմելով 1.1 տրիլիոն դրամ, ապա 2020թ-ին ցուցիչը մոտեցել է 2 տրիլիոնին, իսկ 2021-ին՝ 4 տրիլիոնին: 

2022թ-ի առաջին 9 ամիսների տվյալներով խաղադրույքները կազմել են 4.2 տրիլիոն դրամ:

«Խաղադրույքների այդչափ ինտենսիվ աճը մտահոգիչ է նաև այն առումով, որ մեր քաղաքացիներն են այդ  խաղադրույքները կատարում, կտրվում իրական կյանքից, արդյունք ստեղծելու գործընթացներից և ժամանակ անցկացնում, այս դեպքում՝ ժամանակ վատնում այս հարթակներում»,- ասաց Արման Պողոսյանը:

Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների պետական տուրքի գծով բեռը բարձրացնելու միջոցով ապահովել խաղային ոլորտի համարժեք հարկում, ինչպես նաև կատարվող խաղադրույքների ծավալների կրճատում:

Առաջարկվում է Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար լրացուցիչ վճարել 175 մլն դրամ տուրք, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար 50 մլն դրամ:

Ակնկալում ենք, որ տարեկան կտրվածքով տարեկան 10 մրդ դրամ հավելյալ պետական եկամուտ է ստացվելու, իսկ 2023թ-ի համար՝ 5 մլրդ դրամ, քանի որ օրենքն ուժի մեջ է մտնելու 6 ամիս հետո:

Պատգամավորները մտահոգված էին խաղադրույքների գումարների չափից: Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց, թե ինչու չի ներդրվել այնպիսի գործիք, որ օլիմպիական խաղերի, աշխարհի խաղերի ժամանակ այլ կերպ իրականացվի հարկումը, քանի որ խաղադրույք կատարելու պահանջարկը մեծանում է:

«1 մլրդ դոլար ընդհանուր տնտեսությունից դուրս է գալիս ու գնում է տոտալիզատորներին, մենք քնած ենք: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է 1 մլրդ դոլարը»,-հավելեց Խ. Սուքիասյանը:

Արման Պողոսյանը նշեց, որ այդ գումարների մի մասը վերադառնում է, քանի որ վճարվում են շահումների գումարները: 

Հովիկ Աղազարյանն ներկայացված վիճակագրությունը «անհավատալի թիվ» որակեց, քանի որ ներկայացվածը «սարսափելի է», և վտանգավոր տենդենց ունի: Արման պողոսյանը հաստատեց թվերի իսկությունը՝ նշելով, որ դրանք ստուգված են:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ մարդն ինչքան շատ է պարտվում, այնքան շատ է խրվում: Գուցե այս օրինագիծը հակառակ էֆեկտը տա: Բացի այդ՝ պատգամավորն առաջարկեց շահումը հարկել:

Արման Պողոսյանը նշեց, որ խորհրդակցել են մասնագետների հետ: Նախարարի տեղակալն ասաց, որ ինչ-որ պահի գալու են կազմակերպիչների գեներացված շահումների հարկմանը, որպես դասական առումով շահույթ, ինչպես նաև խաղացողի շահույթի հարկմանը: Սակայն, այս պահի համար ընտրված է հավասարաչափ լուծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter